Մատչելիության հղումներ

Հայաստանում ոչ միանշանակ ընկալումների արժանացավ Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ»-ը: Նորարարությունների սիրահարները ողջունեցին բեմադրությունը, մի ստվար զանգված, սակայն, չընդունեց` ասելով, թե այն բնավ կապ չունի Արմեն Տիգրանյանի օպերայի հետ:

Աղմուկը, թերեւս, այսքան մեծ չէր լինի, եթե մինչեւ հայ-ֆրանսիական այս նախագծի պրեմիերան հայտարարվեր, որ սա որ ոչ թե օպերայի նոր բեմադրություն է, այլ կամերային երաժշտական ներկայացում` Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ի մոտիվներով:

Այս օրերին Սերժ Ավետիքյանի բեմադրությունն արդեն ներկայացվում է Ֆրանսիայում: Իսկ հայաստանյան պրեմիերայից հետո, հիշեցնենք, մի շարք անվանի արվեստագետներ բաց նամակ էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին` խստորեն քննադատելով ներկայացումը եւ հորդորելով արգելել դրա արտահանումը:

Թատերագետ Արա Խզմալյանի կարծիքով, բեմադրության հեղինակը հայտնվել է «անպատասխանատու վիճակում»:

«Քանի որ ներկայացումն ունի պետական ֆինանսավորում [Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների կողմից], Ավետիքյանը պարտավոր է պատասխանելու այն հարցերին, որոնք բարձրացնում է հանդիսատեսը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Խզմալյանը` շարունակելով. - «Ավելի վատ վիճակում են հայտնվել բաց նամակ գրողները: Մեր անվանի արվեստագետները թող ինձ ներեն. հարգանք ունենալով ե'ւ իրենց տարիքի, ե'ւ վաստակի հանդեպ, ես համարում եմ, որ այդ բաց նամակը վկայականն է, որ ժամանակն է գնալ վաստակած հանգստի»:

«Որովհետեւ ժամանակակից մարդը, անկախ հանրապետությունում ապրող մարդը, գաղափարական հարկադրանքից ազատ մարդը չի կարող ստեղծագործողի դեմ բաց նամակ գրել Հանրապետության նախագահին», - փաստարկեց նա: - «Բաց նամակ Հանրապետության նախագահին` նշանակում է հարցը ստեղծագործական, մասնագիտական խնդրից տեղափոխել քաղաքական ոլորտ»:

Համաձայնելով դիտարկմանը, որ դա խորհրդային տարիներն է հիշեցնում` Խզմալյանն ասաց. - «Որովհետեւ այդ մարդիկ խորհրդային մարդիկ են»:

«Կա, ի վերջո, հազար ու մի օղակ: Եթե մենք շրջանցում ենք բոլոր օղակները եւ դիմում ենք Հանրապետության նախագահին, նշանակում է մենք մերժում ենք պետության գոյությունը: Չի' կարելի նեղ, մասնագիտական հարցերով անհանգստացնել Հանրապետության նախագահին», - եզրափակեց թատերագետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG