Մատչելիության հղումներ

Ընդամենը մի քանի տարուց լրանում է գործող ատոմակայանի շահագործման ժամկետը, մինչդեռ նախկինում կառավարության ծրագրերում առկա նոր ատոմակայան կառուցելու մասին կետը բացակայում է 2013-2017 թվականների ծրագրից:

Էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության անվտանգության միջոցառումների համակարգման բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, սա ամենեւին չի նշանակում թե կառավարությունը դադարեցրել է նոր ատոմական կառուցելու շուրջ բանակցությունները: Նա հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ նախկինում կնքված պայմանագիրը դեռ ուժի մեջ է. այդ պայմանագրով Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել ատոմակայանի կառուցման ծախսերի մոտ կեսը, իսկ մյուս կեսը պետք է հոգա Հայաստանը:

Երկուշաբթի Ազգային ժողովում անդրադառնալով այս հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել էր, որ գործընթացը հետաձգել են երկու տարով, քանի որ ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիր կա: Արտեմ Պետրոսյանի խոսքով` չնայած նոր ատոմակայան կառուցելու խնդիրը այժմ առաջնային չէ, բայց դրա շուրջ բանակցությունները չեն դադարել:

Նոր էներգաբլոկի կառուցման շուրջ բանակցություններ են տարվում մի քանի երկրների հետ: Պետրոսյանը հրաժարվեց ասել, թե կոնկրետ որ երկրների հետ են բանակցում: Նրա խոսքով` գործող ատոմակայանի շահագործման ժամկետը լրանում է մոտավորապես 2016 թվականին, մինչդեռ եթե նորի կառուցումը սկսվի այսօր, ապա այն լավագույն դեպքում շահագործման կհանձնվի 2020 թվականին, ակնհայտ է, որ գործող ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու շուրջ աշխատանքներ է պետք տանել:

«Մենք նման միջազգային փորձ ունենք, հիմնականում ռուսական ատոմակայանները երկարացվում են, կա փորձ, որ երկարացրել են 10 տարի, 15 տարի, 20 տարի, անգամ մինչեւ 30 տարի երկարացնում են», - ասաց պաշտոնյան:

Ներկայումս ատոմակայանի անվտանգության ապահովման աշխատանքներում կառավարությանը աջակցում է Միացյալ Նահանգները: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է շարունակել աջակցությունը գործող ատոմակայանի ոչ միայն օգտագործման, այլ նաեւ կատարելագործման հարցում:

«Գործող ատոմակայանի աշխատանքը արդիականացնելու շուրջ մեր պատրաստակամության մասին մենք արդեն տեղեկացրել ենք Հայաստանի կառավարությանը: Տեղյակ ենք, որ հայկական կողմը բանակցություններ է վարում ռուսական կողմի եւ մի քանի այլ երկրների հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ, մենք կշարունակենք աջակցել Հայաստանին մինչ նոր ատոմակայանի կառուցումը», - ասաց դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG