Մատչելիության հղումներ

Ուղղափառ եկեղեցին չի ընդունում աշխարհիկ արժեքները


Արեւելյան Եվրոպան ձգտում է արդիականացման, սակայն ուղղափառ եկեղեցիներն ամեն կերպ ընդդիմանում են այդ ընթացքին։

Ծեծուջարդ Վրաստանի մայրաքաղաքում

Շատերին է ցնցել մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցածը. սեւազգեստ ուղղափառ հոգեւորականների առաջնորդած ամբոխը հարձակվել է համասեռականների իրավունքների պաշտպանների վրա, 17 մարդ վիրավորվել է։

Վրաց ուղղափառ եկեղեցին պաշտոնապես դատապարտել է բռնությունը, սակայն փաստ է, որ հենց Պատրիարք Իլիա Երկրորդն է նախօրեին իշխանություններին դիմել այդ ցույցն արգելելու կոչով` ասելով, որ համասեռականությունը հակասում է Վրաստանի ավանդույթներին։

Հասարակությունները Վրաստանում, Ռուսաստանում, Սերբիայում եւ Մոլդովայում, յուրաքանչյուրն իր ճանապարհով եւ իրեն հարմար արագությամբ, փորձում են գնալ դեպի արդիականացում եւ բարեփոխումներ, եւ տարբեր շարժումներ, որոնք պայքարում են կանանց, ազգային փոքրամասնությունների կամ այլ խմբերի իրավունքների համար, այդ երկրներում աստիճանաբար ուժ են հավաքում։

Այդ չորս երկրներում կա ընդհանուր գործոն` ուղղափառ եկեղեցին եւ պահպանողական քաղաքական շրջանակները, որոնք միասնաբար արգելակում են արդիականացումը, նոր շարժումների ջատագովներին անվանելով օտարազգի ուժերի գործակալներ, ովքեր մտադիր են քայքայել ազգային արժեքները։


«Ազգի դեմ դավեր նյութող Արեւմուտքի գործակալներ»

Զազա Դավիտայան, ով արձագանքել է համասեռականների երթին հակացույցով պատասխանելու Իլիա Երկրորդի կոչին, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել, թե այդ երթի կազմակերպիչները ֆինանսական աջակցություն են ստանում արտասահմանից։

Մոտ երեք հազար ցուցարարներ Բելգրադում բողոք են հայտնել Եվրամիության միջնորդությամբ Կոսովոյի հետ կնքված հաշտության համաձայնագրի դեմ։ Եպիսկոպոս Ատանասիեն սպառնացել է, թե Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը կարող է կիսել 2003 թվականին ազգայնական ահաբեկչի գնդակից սպանված վարչապետ Զորան Ջինջիչի ճակատագիրը։

Եպիսկոպոսը նաեւ հոգեհանգստյան աղոթք է ընթերցել ողջ-առողջ Դաչիչի համար, արարք, որը շփոթության մեջ է գցել նույնիսկ ուղղափառ ցուցարարներին։ Ուղղափառները փոքրամասնությունների դեմ ուղղված ցույցեր են կազմակերպում նաեւ Մոլդովայում։


Կրոնական ազգայնականություն

«Հավատամքը Ռուսաստանում» գրքի հեղինակ, կրոնի հարցեր լուսաբանող «Ֆորում 18» լրատվական գործակալության աշխատակից Ջերալդին Ֆագանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ կրոնական ազգայնականությունը, որը 19-րդ դարում համարվել է հերետիկոսություն, իրականում մեծ տեղ ունի ուղղափառ մշակույթներում։

«Ուղղափառ աշխարհում կա խորը արմատներ ձգած գրեթե առեղծվածային թեզ, որ երկրի ազգային անվտանգության երաշխիքը ուղղափառ մնալն է», - ասել է Ֆագանը։

Բոլոր կազմակերպված կրոնական ուսմունքները պատմականորեն հակված են պաշտպանել այն, ինչ անվանում են ավանդական եւ հիմնարար արժեքներ, որոնք հակադրվում են արդիականացմանը, սակայն, ինչպես արեւմտյան վերլուծաբաններն են նշում, Եվրոպայում առավել ագրեսիվ դա անում են ուղղափառները։

Ի տարբերություն աշխարհիկ Արեւմուտքի, ուղղափառ եկեղեցին ավանդաբար շատ լավ հարաբերություններ է պահպանում ինքնակալական վարչակարգերի հետ, պայմանով, որ դրանք ի պաշտոնե ուղղափառություն դավանեն։ Ռուսաստանում առավել տեսանելի է պետություն-եկեղեցի դաշինքը, որը համոզված է, թե արտաքին աշխարհը չար է եւ Դաշնության դեմ դավեր է նյությում։


Կնոջ տեղը` խոհանոցո՞ւմ

Շաբաթներ առաջ Վլադիմիր Պուտինի վարչակազմը ոչ կառավարական կազմակերպություններին «օտար գործակալներ» է որակել, իսկ Պատրիարք Կիրիլը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ այն մասին, որ «ֆեմինիզմը չափազանց վտանգավոր շարժում է»։

«Կանանց հիմնական առաքելությունը կին եւ մայր լինելն է, եթե դա խախտվի, կքայքայվեն ե'ւ ընտանիքը, ե'ւ հայրենիքը», - նախազգուշացրել է պատրիարքը:


Որոշ երկրներում ուղղափառությունը եւ ինտեգրումը միմյանց չեն հակասում

Այնուամենայնիվ Վրաստանում եւ Սերբիայում իշխանությունները ուղղափառ եկեղեցու հետ վեճերից չեն խուսանավում, իսկ Բուլղարիայի, Մոլդովայի, Հունաստանի եւ Կիպրոսի օրինակը վկայում է, որ ուղղափառությունը եւ եվրոպական ինտեգրումը կարող են համատեղելի գաղափարներ են։

Վերլուծաբանների համոզմամբ, արեւմտյան ազատական արժեքներ ընդունելու հարցում ուղղափառ առաջնորդներից առավել առաջադիմականը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինն է։

«Բայց դա աշխարհագրական երեւույթ չէ, պարզապես այդ երկրներում գիտակցում են, թե ինչ է նշանակում հալածանքը», - համոզված է լրագրող Ջերալդին Ֆագանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG