Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն անցնում է հակահարձակման


Հակադարձելով ոչ իշխանական խորհրդարանական ուժերի` երեկ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկմանը հնչեցրած քննադատությանը` Ազգային ժողովում իշխող ուժի պատգամավորներն ու Կառավարության անդամներն այսօր անցան հակահարձակման:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, թե կառավարությունը ծախողել է աշխատանքը բոլոր ոլորտներում, առաջարկեց հիշել անցած երկու տարիներն ու տեսնել, թե ով է իրականում ձախողվել:

Նրա ներկայացմամբ` խորհրդարանական ընտրություններից հետո 7 անդամ ունեցող ընդդիմադիր խմբակցությունում (ՀԱԿ) գոյություն ունեն 5 տարբեր կարծիքներ ունեցող կենտրոններ, իսկ 5 անդամ ունեցող մյուս ընդդիմադիր խմբակցությունում («Ժառանգություն») քաղաքական 3 ուժերի կենտրոններ կան: Մեկ այլ ընդդիմադիր 5 հոգանոց խմբակցությունում (ՀՅԴ), Աշոտյանի ձեւակերպմամբ` օրհասական է դարձել քաղաքական սերնդափոխությունը:

Այնուհետեւ նա ՀԱԿ-ը համեմատեց անցած դարավերջի ռուսական «Լասկովի մայ» խմբի հետ. - «ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ… Սիրելի գործընկերներ, հիշեցնում եմ 90-ականների Ռուսաստանը, երբ որ 5 հատ «Լասկովի մայ» էր երկրում պտտվում գաստրոլներով: Կողմնորոշվե'ք, որն է իսկականը»:

123-ամյա Դաշնակցությունը Աշոտյանը հիշեցրեց Առաջին Հանրապետության վախճանը` ասելով. - «Դաշնակցական գործընկերներից մեկը երեկ, մյուսը այսօր գուժում էր պետականության վախճանը եւ փորձում էր մեզ մեղադրել այդ մոտալուտ վախճանի մեջ: Ուզում եմ հանգստացնել մեր ընդդիմախոսներին: Մենք լավ ենք սերտել Առաջին Հանրապետության դասերը եւ ձեր դափնիներին չենք հավակնում»:

Նա անդրադարձավ նաեւ հիասթափությանն ու արտագաղթին. - «Ինձ կարո՞ղ եք ասել շատ անկեղծ. ե՞րբ ավելի շատ մարդ հիասթափվեց, երբ որ Հանրապետական կուսակցությունը առաջադրեց Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածո՞ւ, թե՞ երբ որ երեք խորհրդարանական ոչ իշխանական ուժերը ամպագոռգոռ խոսելուց հետո ոչ մեկը չառաջարդվեց: Խոսում ենք ընտրությունների մասին, օգտագործում ենք թաղի խուժան հասկացությունը: Կարելի է մտածել, թե խոսացողները Բագրատունյաց ծնկից են եւ օքսֆորդների երեք հատ դիպլոմ գրպանում դրած է: Ինչո՞ւ եք ձեզ վեր դասում այն ժողովրդից, որին իբր կոչված եք ծառայելու»:

Ընդդիմադիրների քննադատությանն արձագանքեց եւ Կառավարության ներկայացրած ծրագիրը պաշտպանեց նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ելույթում ասաց. - «Քննադատելու հետ մեկտեղ պետք է առաջարկեն ծրագիր: Ո՞ւր է այդ ծրագիրը»:

Իսկ պատգամավոր Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ), փորձելով պաշտպանել Կառավարության ծրագիրը, ընդդիմադիրներին խորհուրդ տվեց. - «Եթե չեք կարողանում փողոցում հեղափոխություն անել, եկեք ձեր գլուխներում անենք եւ մեր գլուխներում` իմ գլխից սկսած: Եկեք հեղափոխությունը սկսենք մեզնից յուրաքանչյուրի գլխում: Կարո՞ղ ենք դա անել` բրավո մեզ: Չե՞նք կարող անել` եկեք գնանք մեր տները, դռները փակենք եւ տնից դուրս չգանք»:

Երբ խմբակցությունների ղեկավարներն էին ներկայացնում իրենց վերջնական գնահատականները Կառավարության ծրագրի վերաբերյալ, Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) արձագանքեց Աշոտյանի ելույթին` ասելով, թե ցնցված է իշխանության ծրագիրը պաշտպանելու «կրկեսային հնարքներից», երբ մի կողմ թողնելով երկրի ծանր վիճակը` իշխանությունը չարախնդում է ընդդիմության ներքին պառակտումների, ընտրություններում քիչ ձայներ ստանալու, անգամ Առաջին Հանրապետության անկման կապակցութամբ:

Այնուհետեւ նա ասաց. - «Ես ուզում եմ ուղղակի հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ Կառավարության անդամների. դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք ու ձեզ չպաշտպանի Հանրապետության նախագահը, ձեզ չպաշտպանի Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի դատախազը, ոստիկանապետը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլ դուք կարտագաղթեք… Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»:

Կառավարության ծրագրի քննարկումը կավարտվի եւ այն քվեարկության կդրվի, ամենայն հավանականությամբ, վաղը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG