Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը աջակցություն է խնդրում գործարար աշխարհից


Կարկտահարությունից վնասված սածիլներ

Կարկտահարությունից վնասված սածիլներ

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ակնկալում է գործարար աշխարհի աջակցությունը կարկտահարության հետեւանքները վերացնելու հարցում:

Նախարարը նամակով դիմել է գործարար աշխարհին՝ խնդրելով հնարավորության սահմաններում եւ սեղմ ժամկետում դրամական փոխանցում կատարել Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: Նամակում նախարարը հաշվեհամար է նշել՝ խնդրելով գործարարների ֆինանսական աջակցությունը հրատապ միջոցառումներ իրականացնելու համար: Նամակն ուղարկվել է մոտ 100 խոշոր կազմակերպությունների:

Նախարարությունը սեղմ ժամկետներում է ակնկալում ֆինանսական աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի կեսերից ավարտվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Մինչ այդ անհրաժեշտ է վերականգնել վնասված ցանքերը, ինչպես նաեւ իրականացնել աղետի հետեւանքների մեղմելուն ուղղված միջոցառումներ:

Մայիսի 12-ին կարկտահարությունից տուժել է Արմավիրի մարզի 46 համայնք` շուրջ 11 հազար հեկտար տարածքով: Բերքը վնասվել է 50-100 տոկոսով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ մասնավոր հատվածը եւս պետք է պատասխանատվություն կրի երկրի համար կարեւոր խնդիրների լուծման հարցում, բայց սա չի նշանակում, որ նախարարությունը հույսը դնում է գործարարների վրա՝ այդպիսով նվազեցնելով կառավարության պատասխանատվությունը վնաս կրած գյուղացիներին աջակցելու հարցում:

«Ամենեւին այդպիսի մտավախություն չունեմ, որովհետեւ երբ մենք գումար ենք խնդրում գործարարներից, ամեն գործարար կամ յուրաքանչյուր քաղաքացի իր աջակցությունը ցուցաբերում է իր հնարավորությունների սահմաններում: Այստեղ ոչ թե կառավարության պատասխանատվությունից խուսափելու խնդիրն է, այլ ցանկացած մարդու պատասխանատվությունը կրելու խնդիրն է», - ասաց փոխնախարարը:

Մակարյանի տվյալներով` հիմնադրամի հաշվեհամարին արդեն փոխանցվել է ավելի քան 1 միլիոն դրամ: Փոխանցողները հինգ անձինք են, այդ թվում` գյուղնախարար Կարապետյանը, ով հատկացրել է իր մեկ ամսվա աշխատավարձը: Մակարյանը նշեց, որ կախված հավաքվող գումարի չափից հնարավոր կլինի նաեւ դրամական աջակցություն հատկացնել կարկտահարությունից տուժած գյուղացիներին: Սակայն դա չի նշանակում, որ կփոխհատուցվի կրած վնասը: Նման պարտավորություն կառավարությունը գյուղացիների առջեւ չի ստանձնել:

«Փոխհատուցում լինում է այն դեպքում, երբ երկու սուբյեկտների միջեւ կնքված է պայմանագիր, ու երբ մի կողմը չի կատարում պարտավորությունը, մյուս կողմը որոշակի փոխհատուցում է պահանջում: Այստեղ փոխհատուցման հաշվին կլինի աջակցություն: Դա կախված է հավագումարների չափից եւ հոգաբարձուների խորհրդի որոշումից», - ասաց Մակարյանը` հավելելով, որ նախկինում եւս աղետից տուժած գյուղացիներին դրամական աջակցություն ցուցաբերելու նախադեպ չի եղել:

Գյուղնախարարը գործարարների աջակցությանն է դիմում ոչ առաջին անգամ: 2011 թվականին տեղի ունեցած տարերային աղետից հետո եւս նախարարը նամակ էր ուղարկել գործարարներին, ինչի արդյունքում հավաքվել էր 46 միլիոն դրամ: Այդ գումարը գյուղացիական տնտեսություններին չհատկացվեց, այլ ծախսվեց տարատեսակ օգնություն գնելու վրա:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի Ազգային ժողովում հայտարարել էր, որ կառավարությունը գյուղացիների կրած վնասների փոխհատուցում չի տրամադրելու: Փոխարենը կառավարությունը կաջակցի, կօգնի գյուղացիներին սերմացուի, սածիլների, վառելանյութի եւ պարարտանյութերի տեսքով, ինչպես նաեւ կքննարկի գյուղացիների՝ բանկերի տոկոսադրույքների վճարումների հետաձգման հարցը:

Կարկտահարությունից տուժած Արմավիրի 46 գյուղերի բնակիչները սպասում են կառավարության հինգշաբթի օրվա նիստին: Երկուշաբթի, երբ գյուղացիները փակել էին Երեւան-Արմավիր միջպետական ճանապարհը, կառավարության ներկայացուցիչները հայտնել էին, որ վաղվա նիստի ընթացքում կճշգրտվի գյուղացիներին հատկացվելիք օգնության բնույթը: Գյուղացիները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կառավարության որոշմումից հետո կճշգրտեն իրենց հետագա քայլերը: Վնաս կրած գյուղացիները պահանջում են փոխհատուցում, բանկերում ավանդների տոկոսադրույքների սառեցում եւ այլ արտոնություններ:

Մինչ գյուղնախարարությունը նամակ է հղում գործարարներին, հայտարարում սերմեր ու սածիլներ հատկացնելու մասին, Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այլ ելք է առաջարկում: Նա կառավարությանն առաջարկում է ազատել գյուղացուն ոռոգման ջրի, հողի եւ այլ տեսակի հարկերից, ինչպես նաեւ լուծել բանկերում նրանց վարկերի վճարման հարցերը՝ սառեցնելով դրանք, նրանց անտոկոս նոր վարկեր հատկացնել:

«Թող գյուղացու փոխարեն չորոշեն, թե գյուղացին ինչ պետք է ցանի, գյուղացին գիտի ինչ պետք է անի: Իսկ ինչ վերաբերում է սերմացուի, սածիլների հատկացմանը, դա վիճել է, քանի որ եթե լոլիկի սերմ կամ սածիլ են տալիս, ապա դա Արարատյան հարթավայրում տեղադրվում է մարտին, ոչ թե հիմա եւ բնականաբար, դրանից ոչ մի շահույթ գյուղացին չի ստանա», - ասաց Բերբերյանը:
XS
SM
MD
LG