Մատչելիության հղումներ

logo-print

Ավելի քանի 1000 երգ, 100 միլիոնից ավելի վաճառված ձայնասկավառակներ: Նրան անվանում են 20-րդ դարի լավագույն կատարողներից մեկը: Այսօր աշխարահռչակ Շառլ Ազնավուրը դարձավ 89 տարեկան:

1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկում ծնված տղային ծնողները անվանում են Շահնուր: Այս անունը ֆրանսիացի մանկաբարձուհուն տարօրինակ է թվում. չտիրապետելով հայերենի հնչյունաբանությանը` նա որոշում է, որ երեխայի անունը Շառլ է: Հենց այսպես էլ Միշա եւ Քնար Ազնավուրյանների որդու անունը մնում է Շառլ:

Ազնավուրյանների ընտանիքը Ֆրանսիա էր տեղափոխվել ցեղասպանության տարիներին: Շառլի ծնունդից հետո նրա ընտանիքը մի քանի անգամ փորձել է տեղափոխվել այլ երկիր՝ սկզբում ԱՄՆ, հետո էլ խորհրդային Հայաստան, բայց դա այդպես էլ չի ստացվել:

Մանուկ հասակում Ազնավուրը տարվում է թատրոնով, այնուհետեւ դուետով հանդես է գալիս կաբարեներում: Շառլ Ազնավուրին ֆրանսիացի հանդիսատեսը երկար ժամանակ չէր ընդունում, նա համաշխարհային հռչակ ստացավ 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ելույթից հետո: Դրանից հետո նա հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ մամուլն էլ գրեց, որ Ֆրանսիան ազնավուրացած է:

Ազնավուրի ժամանակակից շատ երգիչներ վաղուց կորցրել են իրենց ձայնը, մինչդեռ նա շարունակում է երգել: «Նման խնդիր չունեմ, քանի որ երբեք էլ ձայն չեմ ունեցել», - ասում է Ազնավուրը:

Նրա կարծիքով` կարող ես ընդհանրապես ձայն չունենալ, ոչ էլ լսողություն, բայց եթե երգես սրտով, ապա քեզ կլսեն:

Իր ստեղծագործությունների գագաթնակետը Ազնավուրը համարում է «Հավերժական սեր» երգը:

Երեկ գիշերվանից Ազնավուրը աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորական նամակներ է ստանում, շնորհավորական հեռագիր է հղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով իր կյանքին` Ազնավուրը ասել է. - «Իմ ճանապարհը հեշտ չի եղել, շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ… Եվ չնայած այդ ամենին, եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG