Մատչելիության հղումներ

Նալբանդյանը «սադրիչ եւ ապակառուցողական» է որակում Բաքվի քաղաքականությունը


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանը շարունակելու է ջանքերը` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Օքսֆորդի համալսարանում:

Ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը եւ դրա կարգավորման գործընթացը, Նալբանդյանը ասել է, որ «միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները նշանակալի ջանքեր են գործադրում երկու հիմնական ուղղությամբ` հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակում, վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում»:

«2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի նախարարական համաժողովի շրջանակներում համանախագահները կողմերին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան առաջարկներ: Շուրջ մեկ տարի շարունակ Ադրբեջանը մերժում էր անգամ այդ փաստաթղթի գոյությունը եւ փորձում էր հիմնախնդրի լուծումը տեղափոխել այլ ատյաններ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «2009 թվականին լ’Աքվիլայում, 2010 թվականին Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթնաժողովների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հայտարարություններ ընդունեցին, որտեղ հրապարակայնացվեցին նրանց կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը: 2011 թվականին Դովիլում եւ 2012 թվականին Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարները իրենց կողմից ընդունված հայտարարություններում վերահաստատեցին իրենց նախորդ հայտարարությունները` ընդգծելով բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են ընդունվել 2008 թվականին Հելսինկիի, 2009 թվականին` Աթենքի, 2010 թվականին` Ալմաթիի, 2011 թվականին` Վիլնյուսի, 2012 թվականին` Դուբլինի ԵԱՀԿ-ի նախարարական համաժողովների եւ 2010 թվականին Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում»:

«Հայաստանը ողջունել է վերոնշյալ բոլոր հայտարարությունները եւ պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած` ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս քվոյի անընդունելիության մասին ձեւակերպմանը», - ասել է Նալբանդյանը` շեշտելով. - «Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները»:

Այնուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ, 2008 թվականի հունիսից մինչեւ 2012 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում 11 հանդիպում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ` կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու նպատակով։ Այդ հանդիպումների ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակներ:

«Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթնաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաեւ Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում եւ այլն», - հայտարարել է Նալբանդյանը` մանրամասնելով. - «Ադրբեջանական կողմը ձեւացնում է, թե իբր ընդունել է 2009 թվականի դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ «թարմացված» տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայց պետք է հիշատակել, որ անգամ 2009 թվականի տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ եւ փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում»։

Պաշտոնական Բաքուն, ըստ Հայաստանի արտգործնախարարի, «մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված եւ միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես` զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրսբերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում»:

«Ադրբեջանը նաեւ պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը եւ նոր մարդկային կորուստների են հանգեցնում: Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության եւ ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները եւ ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները», - ասել է Նալբանդյանը եւ հավելել. - «Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր»:

«Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին: Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգեւ խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«Չնայած Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», - Օքսֆորդի համալսարանում իր ելույթում հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG