Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ` Իրանն ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, քան Ռուսաստանը, եւ դա է պատճառը, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից:

Մովսիսյանը, սակայն, չբարձրաձայնեց, թե կոնկրետ ինչ գին է պահանջում Իրանը:

«Իրանի գինը ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող գինը», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Մովսիսյանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության նախաձեռնությամբ այսօր անցկացվեց համաժողով` նվիրված Հայաստանի էներգետիկ ոլորտին: Մասնակցիների թվում էին Էներգետիկայի նախարարը, ոլորտի այլ պատասխանատուներ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հիշեցնենք, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի սակագնի շուրջ 70 տոկոսով բարձրացման առաջարկով հայտ է ներկայացրել: Իշխանություններն այսօր հայտնվել են քննադատության թիրախում` էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը առնվազն նվազեցնելու ուղղությամբ նախորդ տարիներին որեւէ իրական քայլ չկատարելու մեղադրանքով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է Վրաստանում գազի սակագինն ավելի ցածր, քան Հայաստանում, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. - «Որովհետեւ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, որի համար նրանք որպես տրանզիտ բավական մեծ գումարներ եւ էժան գազ են վճարում»:

Երեկ, ինչպես հայտնի է, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետականի խորհրդ անդամ Վարդան Այվազյանը, թե ժամանակին Ռուսաստանի ճնշման հետեւանքով էր, որ հայ-իրանական գազամուղը տրվեց ռուսական ընկերությանը` «Հայռուսգազարդ»-ին:

Արմեն Մովսիսյանը, ով նույնպես ՀՀԿ խորհրդի անդամ է եւ Հայաստանի էներգետիկ ոլորտը գլխավորում է 2001 թվականից, իր կուսակցի հայտարարության կապակցությամբ ասաց. - «Երբեւիցե ճնշում չի եղել»:

Բացելով համաժողովը` Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ընդգծեց էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման կարեւորությունը. - «Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան եւ զարգացումը կհանգեցնեն էներգետիկ անվտանգությանն եւ քաղաքական ու տնտեսական անկախության ամրապնդմանը»:

Փոքր-ինչ ավելի ուշ, երբ լրագրողներից մեկը խնդրեց Միացյալ Նահանգների դեսպանին կարծիք հայտնել գազի գնի հետ կապված Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, Հեֆերնը նշեց. - «Գազի գնի հետ կապված բանակցությունները, անշուշտ, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ են, այստեղ Միացյալ Նահագները ներգրավված չէ: Սակայն սա հասարակական հնչեղություն ունեցող կարեւոր հարց է, եւ մենք հորդորում ենք, որ այդ աշխատանքները կատարվեն առավել թափանցիկ պայմաններում: Ահա թե ինչու է կարեւորվում էներգետիկ դիվերսիֆիկացիան, որպեսզի վառելիքի տեսակներից մեկի գնի տատանումները նման դրամատիկ չլինեն, նման մեծ ազդեցվություն չունենան ժողովրդի վրա»:

Ջոն Հեֆերնը հավալեց, որ Միացյալ Նահանգները համագործակցում է Հայաստանի հետ` վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ, ինչը կարող է այլընտրանք դառնալ էներգետիկ ավանդական ուղղություններին:
XS
SM
MD
LG