Մատչելիության հղումներ

Մայիսի 22-ի մամուլ


Համոզմունք հայտնելով, որ գազի թանկացման հարցով պետք է քրեական գործ հարուցել` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է որոշվել, օրինակ, Հայաստան - Իրան գազամուղի տրամաչափը, ե՞րբ եւ ինչպե՞ս է որոշվել գազի արտոնյալ սակագնի դիմաց Ռուսաստանին հանձնվելիք ակտիվների ցանկը, ինչպե՞ս է պատահել, որ հայ-ռուսական համատեղ ընկերության տնօրենը փաստացի առաջնորդվել է Ռուսաստանի շահերով եւ պաշտոնանկությունից անմիջապես հետո բարձր վարձատրվող պաշտոն ստացել Ռուսաստանում, արդյո՞ք դա զուգադիպություն էր, թե՞ ռուսական կողմը դրանով վարձահատույց է եղել Կարեն Կարապետյանին եւ այլն: Պարզաբանման ենթակա հարցերը, ինչպես տեսնում եք, շատ են: Ընդ որում, սա այն դեպքը չէ, որ կառավարական կամ խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի` տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, վնասի չափը ճշտելու համար: Այդպես վարվում են երաշտի կամ կարկտի դեպքում: Սա քրեական հանցագործություն է, ընդ որում` գործով անցնում է մոտ 3 միլիոն տուժած, այնպես որ` հանձնաժողովն այստեղ անելիք չունի»:

«Առավոտ»-ն անդրադառնում է Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներին: Թերթի խմբագրականում կարդում ենք. - « Կառավարության ծրագրի քննարկման մեր եւ քաղաքակիրթ երկրներում ընդունված ձեւերի տարբերությունից մեկն այն է, որ այնտեղ քաղաքական միավորները, որոնք խորհրդարանում են հայտնվել արդար ընտրությունների արդյունքում, ներկայացնում են հասարակության այս կամ այն սեգմենտները եւ, հետեւաբար, ելույթներ են ունենում ու քվեարկում են այս կամ այն արժեքային համակարգից ելնելով: Ասենք, ազատականները ցանկանում են իջեցնել հարկերը, սոցիալիստները՝ բարձրացնել (Ֆրանսիայում՝ այն աստիճանի, որ սկսվել է գործարարների «արտագաղթը»), ազգայնականները կոչ են անում խստացնել էմիգրացիոն օրենսդրությունը, իսկ «կանաչները»՝ արգելել պոլիէթիլենե տոպրակները: Մեզանում նման բան գոյություն չունի՝ մոտավորապես 1992 թվականից սկսած ընդդդիմադիրները չեն խորանում նման խնդիրների մեջ. նրանք միայն մի բան են ասում իշխանություններին՝ «դուք գող եք, ավազակ եք ու թալանչի եւ պետք է օր առաջ հեռանաք, թե չէ՝ երկիրը կկործանվի»: Դա, իհարկե, դուր է գալիս մշտապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող լայն ժողովրդական զանգվածներին, բայց չի նպաստում բուն ծրագրի քննարկմանը: Նման իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ 1995-ից սկսած՝ խորհրդարանը չի ձեւավորվում արդար ընտրություններով եւ չի արտացոլում հասարակության սեգմենտների շահերը»:

«Ժամանակ» թերթը գրում է. - «Պատգամավորներից մեկը խորհրդարանում կարծիք էր հայտնել, որ Արմավիրի մարզը կարկուտից հետո պետք է համարվի աղետի գոտի: Իսկապես, հետեւանքները գյուղացիների համար չափազանց ծանր են, եւ դժվար է պատգամավորի հետ չհամաձայնելը: Սակայն այսօր կարծեք թե աղետի գոտի է ամբողջ Հայաստանը, կամ առնվազն հենց այդ աղետի շեմին է՝ սոցիալ-հոգեբանական աղետի: Թեեւ պետք չէ, իհարկե, մեղմացնել իրավիճակը արհեստականորեն՝ Հայաստանը վաղուց անցել է սոցիալ-հոգեբանական աղետի շեմը, եւ այսօր ընդամենը լոկալ բռնկումները մեզ գալիս են ապացուցելու այդ տխուր փաստը: Մենք աղետը միայն արտագաղթով ենք չափում, սակայն իրականում այն ավելի խորն է, որովհետեւ մարդիկ, որ դեռ մնում են Հայաստանում, ըստ էության այստեղ են միայն ֆիզիկապես: Նրանց մոտ հոգեբանական բարդագույն վիճակ է, եւ նրանք չեն կարող համարվել պետության արդյունավետ բնակիչներ»:

«Հայոց Աշխարհ» թերթի կարծիքով` շատերի կողմից կարկտահարության թեման շահարկվում է զուտ քաղաքական նկատառումներով. - «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ «կառավարման համակարգը» վերացնելու մասին։ Երեւի այդ ժամանակ Հայաստանում կարկուտ չի տեղա, երկրաշարժեր չեն լինի, ու, ընդհանրապես, մարդիկ կսկսեն ապրել մերձարեւադարձային կլիմայի պայմաններում, տարին 2 անգամ բրնձի բերք կհավաքեն։
Արմավիրցիները, ի՞նչ է, կառավարման համակարգի վերացո՞ւմ են պահանջում։ Կարծեք՝ ոչ։ Մարդիկ աղետից տուժել են։ Սաստիկ են տուժել, եւ շատ պարզ ու հասկանալի պահանջներ են ձեւակերպում՝ հատուցել վնասը, լուծել բանկերից վերցրած ու կարկուտի «տարած» վարկերի հատուցման հարցը, օգնություն ցուցաբերել։ Այսինքն՝ կոնկրետ, հողեղեն հարցեր են դնում։ Իսկ քաղաքական դաշտի ներկայացուցիչները, պարզվում է, նախ՝ կիլոմետրերով հեռու են այդ հարցերից ու դրանց ընկալումից, երկրորդ՝ նրանց հետաքրքիր է զուտ առկա վիճակը, այն հնարավորինս շահագործելը, քան հանգուցալուծումը կամ թեկուզ այդ ամբողջ պայքարը կազմակերպված հուն մտցնելը»։

Ըստ «Օրակարգ» թերթի, «ՀայՌուսգազարդ»-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտում ուշագրավ փաստեր կան. - «Պարզվում է` «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է կրկնապատկել ընկերության ընթացիկ ծախսերը եւ աշխատավարձերը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG