Մատչելիության հղումներ

Հայրապետյանի համար «անհասկանալի է», թե ինչ է եղել «Հարսնաքարում»


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Երեքշաբթի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատական նիստին ներկայացել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը հայտարարեց, որ եթե ինքը անցյալ տարի հունիսի 17-ին «Հարսնաքարում» լիներ, նման բան տեղի չէր ունենա:

Հիշեցնենք, Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում այդ օրը համալիրի աշխատակիցների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով ծեծից 12 օր անց այդպես էլ գիտակցության չգալով մահացավ:

Հայրապետյանը ինքնակամ էր ներկայացել դատարան ցուցմունք տալու:

«Անընդհատ մամուլում շահարկվում է, որ ես խուսափում եմ դատարանից, անտարբեր եմ, վախենում եմ, խուսափում եմ: Ես էսօր ներկայացել եմ, եւ խնդրեմ, եթե կան հարցեր դատարանի կողմից, խնդրում եմ, տվեք, ես պատասխանեմ», - հայտարարեց Հայրապետյանը, ով Վահե Ավետյանի մահից հետո հրաժարվել էր իր պատգամավորական մանդատից:

Հայրապետյանը պատմեց, որ տեղի ունեցածի մասին ինքը տեղեկացել է հեռախոսով, բայց քանի որ իրեն ասել են, որ վիճաբանությունից հետո Ավետյանը եւ նրա ընկերները իրենց ոտքով հեռացել են ռեստորանից, ինքը չի գնացել ռեստորան: Իսկ երբ իմացել է, որ Վահե Ավետյանին վիրահատում են, բարկացել է ռեստորանի անվտանգության աշխատակիցների վրա, բայց այս ժամանակ էլ չի պարզել դեպքի մանրամասները:

«Իրականում ես շատ եմ փորձել, որ գոնե ինձ համար պարզեմ, բայց կան շատ բաներ, որ ես տենց էլ չեմ կարողացել հասկանալ, որովհետեւ իմանալով իրենց, օրինակ, Արթուրին կամ մյուսներին, բացի Գարիկից, մյուսներին փոքր ժամանակից գիտեմ, իրենք էդ մարդիկ չէին, ինձ համար անհասկանալի է, թե ինչ է եղել: Երբ քննությունը կավարտվի, նաեւ ես շատ բաներ կիմանամ: Բազմաթիվ ենթադրություններ կան, բայց ես կարծում եմ, ենթադրություններով չի կարելի մարդկանց մեղադրել կամ արդարացնել, հատկապես արդարացնել», - ասաց նա:

Այսօր Հայրապետյանը դատարանին խնդրեց, այնուամենայնիվ, հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները, ասաց` դեպքի բոլոր մանրամասները այժմ լավ չի հիշում:

Դատական նիստից առաջ Հայրապետյանը հրաժարվեց խոսել լրագրողների հետ:
XS
SM
MD
LG