Մատչելիության հղումներ

Անկարա կայցելի Եվրամիության խորհրդի նախագահը


Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյ

Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյ

Չի բացառվում, որ այս շաբաթ պաշտոնական Բրյուսելն ու Անկարան ի վերջո կարողանան նոր լիցք հաղորդել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության սառեցված գործընթացին: Հինգշաբթի օրն առաջին անգամ պաշտոնական այցով Անկարա կժամանի Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Բելգիացի այս քաղաքական գործչին տարիներ շարունակ Թուրքիայում ընկալում էին որպես երկրի եվրոպական ձգտումների ամենահետեւողական հակառակորդի: Նման հետեւության հանգելու համար թուրքական վերնախավն ու մամուլը բազմաթիվ լուրջ պատճառներ ունեին: 2004 թվականին, օրինակ, Հերման վան Ռոմպոյը, որն այն ժամանակ ֆլամանդացի քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդն էր, ելույթ ունենալով Բելգիայի Սենատում` հայտարարեց. - «Թուրքիան Եվրոպային մաս չի կազմում եւ երբեք չի կազմի: Սխալ է Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը դիտարկել այս կառույցի` նախկինում տեղի ունեցած ընդարձակման համատեքստում: Ավելին, ես համոզված եմ, որ Թուրքիայի անդամակցությունը կարող է հարվածի տակ դնել քրիստոնեական այն արժեքները, որոնց վրա հիմնված է եվրոպական ողջ քաղաքակրթությունը»:

2009-ի դեկտեմբերին` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո էլ վան Ռոմպոյը Թուրքիայի նկատմամբ առանձնակի ջերմություն չէր ցուցաբերում: Ինչպես Zaman օրաթերթում տպագրված հոդվածում նկատում է Եվրախորհրդարանում Կանաչների կուսակցության քաղաքական խորհրդական, ազգությամբ թուրք Ալի Յուրտթաղուլը, «վերջին երեք տարիներին վան Ռոմպոյն ուր ասես չի մեկնել, ասենք` Հայաստան կամ Ադրբեջան, դրա հետ մեկտեղ, նա փաստորեն բոյկոտում էր Թուրքիան, նշելով, սակայն, թե դա պարզ զուգադիպություն է»:

Zaman-ի հոդվածագիրը կանխատեսում է, որ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահն ու թուրքական ղեկավարությունը նախեւառաջ կքննարկեն, թե հատկապես որ ոլորտներում են ծավալվելու ապագա բանակցությունները:

«Եվրոպայում չեք գտնի որեւէ գործչի, որ հարցականի տակ կդնի Թուրքիայի դերակատարությունը Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Դրա հետ մեկտեղ, էներգետիկ ոլորտում Անկարայի եւ Բրյուսելի բանակցությունները 2006 թվականից ի վեր սառեցված են», - նկատում է թուրքական պարբերականը:

Վաղը Անկարայում Հերման վան Ռոմպոյը ոչ միայն բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, այլեւ հատուկ ուղերձով կդիմի թուրքական խորհրդարանի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG