Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական պատգամավորը գազի սակագնի բարձրացումը լրջագույն մարտահրավեր է համարում


Վարդան Այվազյան, Արծիվ Մինասյան

Վարդան Այվազյան, Արծիվ Մինասյան

Հայաստանում շարունակվում են գազի սակագնի բարձրացման շուրջ թեժ քննարկումները:

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետականի խորհրդի անդամ Վարդան Այվազյանի ներկայացմամբ` ժամանակին Ռուսաստանի ճնշման հետեւանքով էր, որ հայ-իրանական գազամուղը տրվեց ռուսական ընկերությանը` «ՀայՌուսգազարդին»:

«Երբ իրանական գազամուղի շինարարությունը գնում էր, ռուսական կողմը խնդիրներ ուներ, այսինքն այդքան էլ ոգեւորվածություն չկար», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Այվազյանը:

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազամուղը կառուցվեց 2004-2007թթ. ընթացքում, թեեւ բնական գազ Իրանից Հայաստան սկսել հոսել կառուցումից երկու տարի անց միայն` 2009-ին, եւ այն էլ ոչ բնակիչների կամ ձեռնարկությունների համար. իրանական գազն Հայաստանում ջերմաէլեկտրակայաններում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մի մասը գնում է ետ Իրան:

Իրան-Հայաստան գազամուղի կառուցումից շատ չանցած այն տրվեց «ՀայՌուսգազարդ» ռուսական ընկերությանը, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Ժամանակին շատ էր գրվում այն մասին, թե դա արվել է Կրեմլի ճնշմամբ, սակայն Հայաստանի իշխանությունները հերքում էին: Հերքում էին նաեւ այն, որ Ռուսաստանի ճնշման արդյունքում էր, որ գազամուղի տրամաչափը շուրջ կրկնակի պակաս կառուցվեց (ի սկզբանե նախատեսվում այն կառուցել 1400 մմ տրամաչափով, սակայն հետո կառուցվեց 710 մմ տրամաչափով):

Փորձագետների համոզմամբ` 1400 մմ տրամաչափով գազամուղի կառուցումը ոչ միայն հնարավորություն կտար Հայաստանը լիովին դուրս բերել ռուսական գազային հսկայի վերահսկողությունից, այլեւ գազ մատակարարել Վրաստան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որպես իշխանության ներկայացուցիչ` հիմնավո՞ր է համարում «ՀայՌուսգազարդի» առաջարկը` գազը թանկացնել միանգամից մոտ 70 տոկոսով, Այվազյանն արձագանքեց. - «Թանկացնում է «ՀայՌուսգազարդը», պատասխան է տալիս Վարդան Այվազյանը… եթե որեւէ մեկը կարող է գազի գնի մեջ 50-60 տոկոս էժանացում բերել, մեծագույն հաճույքով կարող է իմ պաշտոնը զբաղեցնել»:

Չնայած քիչ անց Այվազյանը անկեղծացավ. - «Ինձ համար շատ ցավալի է. գազի գինը 34 հազար դրամ մինիմալ աշխատավարձի պարագայում անհամատեղելի է, լրջագույն մարտահրավեր է, նաեւ լրջագույն մարտահրավեր է տնտեսության համար»:

Մինչդեռ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ եթե Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ ջանք գործադրեին, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կլիներ ավելի քիչ:

«Ես մեղադրում եմ մեր իշխանություններին այն բանի մեջ, որ նրանք չեն կարողանում, պատրաստ չեն վճռականորեն գործել, որպեսզի Ռուսաստանը իր քաղաքականությունը Հայաստանում այդքան հալածիչ եւ այդքան ոչ հայանպաստ չիրականացնի: Եթե Ռուսաստանը իմ նկատմամբ որպես ռազմավարական գործընկեր կիրառում է այդ գործիքը` քաղաքական ճնշումներ պարտադրելով, ես այդպիսի ռազմավարական գործընկերություն չեմ ուզում: Ես չեմ հանձնի իմ անվտանգության համակարգը մի երկրի, որը ճնշում է եւ հայաթափում է երկիրը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մինասյանը:

Ըստ դաշնակցական պատգամավորի` եթե Հայաստանի իշխանություները, հաշվի չառնելով հանրության, պետության կենսական շահերը, այնուամենայնիվ, ընդառաջ գնան ռուսական ընկերության պահանջին եւ համաձայնվեն գազի սակագնի բարձրացմանը, դա լուրջ հարված կլինի երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:

«Առաջին գաղջ մթնոլորտ ծնողը հենց իշխանությունն է` նախագահի սկսած, մինչեւ ամենաներքին կարգի պաշտոնատար անձը, ովքեր իրականությունը չտեսնելու են տալիս կամ փոփոխությունների մասին խոսում են, բայց որեւէ իրական փոփոխություն չեն անում: Եթե փակ են բոլոր ճանապարհները, թե միջազգային իրավունքը, թե Սահմանադրությունը թույլ է տալիս քաղաքացուն իր կամքը հաստատել երկրում ցանկացած միջոցով, եւ հեռու չէ այն օրը, երբ խռովության ալիքը բարձրանալու է այս երկրում», - ասաց Մինասյանը:
XS
SM
MD
LG