Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ստատուս քվոն անընդունելի է բոլորի համար»


Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը, Մոսկվա, 21-ը մայիսի, 2013թ.

Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը, Մոսկվա, 21-ը մայիսի, 2013թ.

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի` երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունների հիմնական թեմաներից էր ղարաբաղյան խնդիրը:

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպմանը հետեւած ասուլիսի ժամանակ ասաց, որ քննարկել են բանակցային գործընթացը, որը այսօր, կարելի է ասել, սառեցված է:

Մամեդյարովը Լավրովին ներկայացրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մայիսի 17-ին Կրակովում կայացած հանդիպման արդյունքները, այդ թվում նաեւ` առանձնազրույցի մանրամասները:

Էլմար Մամեդյարովը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանակցային գործընթացը այսօր լճացման մեջ է, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են հանդիպել` այդ հանդիպումներում արդեն մեկուկես- երկու տարի է չկան առարկայական քննարկումներ:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին պատասխանելով` Ադրբեջանի արտգործնախարարը այսօր մանրամասներ հայտնեց բանակցային գործընթացի անցած փուլից, ինչպես նաեւ ներկայացրեց այսօրվա իրավիճակը:

Բանակցային գործընթացի, Մամեդյարովի որակմամբ` լճացումը, նրա կարծիքով, կապված է նաեւ ընտրությունների հետ: «Հայաստանում ընտրությունները անցել են, Ադրբեջանում դրանք կանցնեն տարեվերջին, եւ հարկ է կրկնապատկել եւ եռապատկել մեր ջանքերը խնդրի կարգավորման հարցում առաջխաղացում ունենալու համար», - հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը եւ հույս հայտնեց, որ ընտրություններից հետո, ըստ էության, սառեցված բանակցային գործընթացը կակտիվանա, նաեւ շնորհիվ Ռուսաստանի` որպես տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունեցող եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի:

Նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի համար այսօր չկա ավելի լուրջ խնդիր, քան ղարաբաղյան խնդիրն է, ավելին, ասաց Մամեդյարովը, այն «երեւի թե միակ խնդիրն է Ադրբեջանի համար»:

Պաշտոնական Բաքուն մտադիր է ակտիվացնել բանակցային գործընթացը արդեն գոյություն ունեցող Մադրիդյան կամ «նորացված» Մադրիդյան սկզբունքները հիմք ընդունելով, եւ հիմնական պահանջը, որ այսօր հնչեցրեց Մամեդյարովը, հայկական զորքերի դուրսբերումն է անվտանգության գոտուց, նրա խոսքերով` «Ադրբեջանի տարածքից»: «Սա ամենամեծ գլխացավանքն է Բաքվի համար», - հայտարարեց Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մենք հարեւան երկրներ ենք, որ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, երբ մի պետության` Խորհրդային Միության կազմում էինք, եւ պետք է կարողանանք կարգավորել այս բարդ, բայց լուծելի խնդիրը», - ասաց Էլմար Մամեդյարովը:

Հետաքրքիր է, որ ասուլիսի ժամանակ նա չխոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն մի քանի անգամ անգամ կրկնեց, թե այսօրվա ստատուս քվոն ադեկվատ չէ եւ ընդունելի չէ Ադրբեջանի համար:

Ի պատասխան Էլմար Մամեդյարովի հայտարարության` Սերգեյ Լավրովը ակնարկեց, որ ստատուս քվոն ձեռնտու չէ նաեւ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ղարաբաղին, ինչպես նաեւ Ռուսաստանին, որի համար չափազանց կարեւոր է անվտանգությունը Կովկասում:

«Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով` հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը եւ շարունակեց. - «Ռուսաստանի Դաշնության համար ստատուս քվոն անընդունելի է, քանի որ մեր հարեւանների, բարեկամների միջեւ երկարատեւ եւ բարդ հակամարտություն է, իսկ կայունությունը եւ խաղաղությունը Կովկասում մեզ համար արտաքին քաղաքական գերակայություններից է»:

Լավրովը հավաստիացրեց, որ Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր:

2007 թվականին ներկայացված սկզբունքները ընդունելի էին Հայաստանի համար, իսկ 2009-ին ներկայացված փաստաթղթի նախագիծը ընդունելի էր Ադրբեջանի համար, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` պարզաբանեց Ռուսաստանի արտգործնախարարը եւ հավելեց, թե «սատանան, իհարկե, դետալների մեջ է»:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները անդրադարձան ռուս - ադրբեջանական հարաբերություններին, երկուսն էլ հայտարարեցին, որ դրանք մնում են բարեկամական, իսկ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի եւ Բաքու - Նավառոսիսյկ նավթամուղի հետ կապված տարաձայնությունները, նրանց հավաստմամբ, սոսկ տնտեսական բնույթ ունեն:

Այսօրվա ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նաեւ փորձում էր համոզել թե՛ Լավրովին, թե՛ ռուսաստանցի լրագրողներին, որ իրականում Ադրբեջանը «Եվատեսիլ - 2013»-ի ռուսաստանցի մասնակից Դինա Գարիպովային 10 միավոր է տվել, ու անհասկանալի դետեկտիվ պատմության արդյունքում այդ 10 միավորը տեղ չի հասել:
XS
SM
MD
LG