Մատչելիության հղումներ

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման շուրջ գործընթացները Մարտի 1-ը դարձրեցին քաղաքական շահարկումների առարկա, ինչից ամենաշատը շահեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (ԲՀԿ) իրեն տարանջատելով Մարտի 1-ի պատասխանատվությունից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով խորհրդարանում Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախագծի տապալմանը:

Կոնգրեսն ու իշխանությունները, հիշեցնենք, անցած տարեվերջին համաձայնության եկան հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու հարցում: Այդ ընթացքում ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, սակայն խորհրդարանի երեկվա նիստում նախագիծը մերժվեց: Նախագծին դեմ քվեարկեց Հանրապետականը, «Օրինաց երկիրը» չմասնակցեց քվեարկությանը, կողմ արտահայտվեցին ինչպես ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանը», որին ընդդիմությունը նախկինում բազմիցս է մեղադրել Մարտի 1-ի բախումներում դերակատարություն ունենալու մեջ:

Անդրանիկ Քոչարյանը, ում համար կանխատեսելի էր «հեռանկար չունեցող» հանձնաժողովի ստեղծման ձախողումը, այս իրադարձություններում «քաղաքական բիզնեսի» էլեմենտներ է տեսնում:

«Իհարկե, ձեւակերպումը, թե այս հանձնաժողովը ինչ հարցեր պետք է քննարկի, գայթակղիչ էր, բայց ձեւակերպումից բացի այս խնդիրը բարձրացնողները պետք է նաեւ հաշվարկեին` ռեա՞լ էր այսպիսի հանձնաժողով ստեղծելը այսպիսի ուսումնասիրությունների համար այս Ազգային ժողովում, թե՞ ռեալ չէր: Եվ պարզվեց, որ կանխատեսումները, որ դա հեռանկար չուներ, իրողություն դարձան: Պարզապես սա վերածվեց քաղաքական շահարկումների, շահարկումները հասել են, իմ խորին համոզմամբ, այնպիսի աստիճանի, որ դա վեր է ածվել նաեւ քաղաքական բիզնեսի էլեմենտի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը կարծում է, որ ՀՀԿ-ն «խաբել է» Կոնգրեսին. - «Իսկ ինչո՞ւ էին հավատում հանրապետականներին Կոնգրեսի մեր ներկայացուցիչները, ի՞նչ հիմքեր ունեին Հանրապետականի խոստումներին հավատալու: Էական չէ Հանրապետականի խաբել-չխաբելը, իսկ ինչո՞ւ է Կոնգրեսը խաբվել: Քաղաքական լուրջ ուժը կգնա, որ իրեն խաբե՞ն, ինչքա՞ն կարելի է խաբվել: Ինչո՞ւ գնաց մի գործընթացի, որ արդյունքում ինքը շատ լավ գիտեր, որ խաբվելու է, շանսեր չունի: Եվ, բնականաբար, եթե ինքը գիտակցված գնում է այսպիսի գործընթացի, ինքը նաեւ գիտե, թե ինչի համար է գնում, որովհետեւ այստեղ նաեւ շահողներ եղան: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստանը» այս քվեարկության արդյունքում միարժեք շահեց, որովհետեւ կողմ քվեարկելով այն նախագծին, որը վերջին հաշվով չէր անցնելու, փորձ արվեց նաեւ նրանց շարքերում եղած որոշակի պատասխանատուների հեռացնել պատասխանատվությունից. այնպիսի պատասխանատուների, ինչպիսիք են Վարդան Օսկանյանն ու Գրիգոր Գրիգորյանը` գոնե ինձ համար», - հայտարարեց նախկին Փաստահավաք խմբի անդամը:

Նկատենք, որ խոսքը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, 2008-ի մարտի 1-ին ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Գրիգորյանի մասին է, որ ներկայում ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եւ երեկ կողմ է քվեարկել Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:

Քվեարկությունից հետո Կոնգրեսը հայտարարեց, որ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկողները իրենց վրա վերցրին Մարտի 1-ի մարդասպանների մեղքը:

«Կներեք, դա ինձ համար ընդունելի չէ, որովհետեւ բացահայտումը «կողմ» կամ «դեմ»-ի մեջ պետք է չփնտրել, բացահայտումը պետք է փնտրել այլ տեղ, որի հնարավորությունը մենք ունեցել էինք եւ չօգտագործեցինք: Կոնգրեսը դատապարտված էր այս հարցը այնպիսի ընթացքով տանել, որը պետք է բերեր բացահայտումների, եւ հարցը շահարկելու հնարավորություն պետք է չտար ոչ մեկին: Կոնգրեսը այդ ճանապարհով ժամանակ առաջ գնացել էր եւ ունեցել էր որոշակի հաջողություններ: Երբ Կոնգրեսը զիջեց իր դիրքերը այս հարցում` «քաղաքագիտական վերլուծությունը» սպասարկելու համար, արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունենք հիմա »,- ասաց Քոչարյանը` ընդգծելով. - «Քաղաքական բիզնեսը միշտ էլ եղել է քաղաքական դաշտում գործող խաղացողների համար, պարզապես դրա մեջ ներքաշվեց նաեւ քաղաքական այն ուժը, որը իրավունք չուներ ներքաշվել այդ գործընթացների մեջ»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հարցի փակմանը, ապա Քոչարյանը համարում է, որ այսպիսի շահարկումների արդյունքում հարցը արժեզրկվում է, սակայն, նրա խոսքով` հարցը փակել հնարավոր չէ:

Մարտի 1-ի զոհերի հարազատները խիստ վիրավորված են ստեղծված իրավիճակից: Զոհված Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն պահից, երբ որոշվեց հանձնաժողովի ձեւավորման հարցի քննարկումը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո, իրենց համար ամեն ինչ պարզ էր:

«Արդեն այդտեղ հասկացանք, որ սա սուտ բան է, խաբում են մեզ, կրկին անգամ մեզ խաբելու են, սա չի լինելու, թատրոն է, լավ խաղում են: Եկավ նախագահականը, նախագիծը չքվեարկեցին` «թող մնա Երեւանի ավագանու ընտրություններն էլ անցնեն, հետո», դա էլ անցավ, աթոռները պնդեցին, մերժեցին ու պրծան, որովհետեւ իրենց ձեռքն է, ինչ կուզեն, կանեն: Մինչեւ ընտրությունները երեւի մի քիչ կասկածում էին` մարդ ես, ժողովուրդ կա, ընդդիմություն կա, ժողովրդի պարագլուխ կա… իրականում ոչ մի բան էլ չկա», - վրդովված էր զոհվածի մայրը:
XS
SM
MD
LG