Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ այլընտրանքային ուժ ներկայացող «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ են քվեարկելու նոր ձեւավորված կառավարության գործունեության ծրագրին:

Ազգային ժողովում նշված խմբակցությունների պատգամավորներն այսօր անխնա քննադատության ենթարկեցին ինչպես Կառավարության ներկայացրած ծրագիրը, այնպես էլ դրա գործունեությունն անցած տարիներին:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը («Ժառանգություն»), հիշեցնելով վարչապետի երեկվա հայտարարությունը, թե կառավարությունն առաջիկայում «մտածողության հեղափոխություն» է իրականացնելու, խորհուրդ տվեց այդ հեղափոխությունը սկսել պետական համակարգից. - «Բայց իշխանությունները միսիոներներ չեն, որ եկել են հեռավոր ափերից` վայրի ցեղ լուսավորելու համար: Դուք ձեզնից պետք է սկսեք, նախ պետական կառավարման հակամարգի ներսում պետք է մտածողությունը փոխվի: Որից հետո միայն մենք կարող ենք հասարակության մոտեցումների փոփոխություն ակնկալել»:

Արզումանյանը նկատեց նաեւ, որ մտածողության հեղափոխություն իրականացնելու մտադրությունը պետք է արտացոլվեր Կառավարության ծրագրում, մինչդեռ դրա որոշ դրույթներ խոսում են հին մտածողության մասին: Նա բերեց հետեւյալ օրինակը. ծրագրում նշված է, թե պետք է պայքարել հասարակության մեջ արմատավորված կոռուպցիայի դեմ եւ հակադարձեց. - «Կոռուպցիան հասարակությունից չի սերում, այն ծնվում է պետական կառավարման համակարգի ներսում եւ փաթաթվում է հասարակության վզին»:

Արամ Մանուկյանը (ՀԱԿ) իր ելույթում նշեց, որ Կառավարությունը չի կատարել խոստումները, ձախողել է ամեն ոլորտում: Որպես օրինակ նա հիշեցրեց մենաշնորհների դեմ պայքարելու մասին վարչապետի խոստումները` պնդելով, թե այս ուղղությամբ որեւէ քայլ չի արվել:

«Խոստացել էիք օլիգարխներին հարկային դաշտ տեղափոխել, ձեր խոստումը չեք կատարել: Օլիգարխների չմուծած հարկերը ավելի շատ են, քան ձեր բյուջեն է: Կոռուպցիայի վերացման, քչացման համար անգամ ձեր ցանկությունը չի երեւում: Ինչի՞ համար ձեզ վստահենք, երբ դուք ավելի մարդկանց հացն եք կտրել, քան հաց ստեղծելու հնարավորություն ստեղծե՞լ: Կրիմինալ վիճակը: Ձեր կադրերի մասին ասեմ. ծեծող, կրակող, կին ծեծող մարզպետներ, քաղաքապետներ: Պատժե՞լ եք: Չէ: Երբ դա Ձեր թույլտվության արդյունքում է: Փողոցում խուժանը ե՞րբ էր այսքան լկտի եղել, ընտրությունները իրենք են ղեկավարել: Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ»:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ` Նիկոլ Փաշինյանը բերեց հետեւյալ օրինակը. վարչապետը հպարտորեն հայտարարում է, թե հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդարձնեն 45 հազար դրամ, մինչդեռ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, պաշտոնական տվյալներով, նվազագույն սպառողական զամբյուղը 51 հազար դրամ է:

Իր ելույթում Փաշինյանն ասաց, թե խնդիրն այն է, որ իրականում այս կառավարությունը ոչ թե որոշող, այլ կատարող մարմին է, հետեւաբար չի կարող պայքարել ո'չ կոռուպցիայի, ո'չ էլ օլիգարխիայի դեմ. - «Մտածել, որ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը կարող է կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարել, նշանակում է, որ որեւէ մեկը կարող է պայքարել իր գործատուի դեմ: Այս Կառավարության գործատուն օլիգարխիան եւ կոռուպցիոն համակարգն է»:

Անդրադառնալով վարչապետի կողմից հաճախ հնչեցվող պնդմանը, թե իրենք ստացել են ժողովրդի վստահության քվեն` ընդդիմադիր պատգամավորն ասաց. - «Ո՞վ է վստահության քվե ստացել: Հասմիկ Պողոսյա՞նն է ժողովրդի վստահության քվեն ստացել, Վաչե Գաբրիելյա՞նը… Վստահության քվեն, չակերտավոր վստահության քվեն ստացել է օլիգարխիան, ստացել է կոռուպցիան համակարգը, ստացել է թաղային խուժանը: Նրանք են ստացել: Իրական իշխանության կրողը նրանք են եւ նրանք այս Կառավարության տվել են այս աշխատանքը»:

Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) խոսեց իշխանությունների քաղաքական պատասխանատվության բացակայության մասին: Դիմելով վարչապետին` նա ասաց. - «Դուք երկրում ստեղծել եք անպատժելիության համակարգը»:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի` երեկվա պնդմանը, թե իշխանությունը պատժում է չարաշահումներ կատարած անձանց եւ որպես օրինակ հիշատակած Սոցիալական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը` Հովհաննիսյանն ասաց. - «Խաչիկյանն ի՞նչ է արել ի վերջո: Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել: Նա երեւի մտածել է այսպես. եթե այս մարդիկ` մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ չստանան… Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որպեսզի մնալ իշխանության գլուխ, ինչո՞ւ չի կարելի այդ մարդկանց օգտագործել, որպեսզի պարզապես մի մարդ, ասենք, պարոն Խաչիկյանը հարստանա»:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրական բարեփոխման գնացողը պետք է պատրաստ լինի, որ այդ բարեփոխումը փոխելու է երկիրը, այդ թվում` իշխանությունը, իսկ մեզանում ամեն ինչ արվում է իշխանության ղեկին մնալու համար: Իսկ երբ իշխանությունը պահելը դառնում է գերխնդիր, ապա մտածում են, թե ավելի լավ է, որ միջին խավը արտագաղթի եւ ոչ թե մնա ու հեղափոխություն անի: Նրա խոսքով, այս իշխանություններին պետք չեն գիտակ, ճշմարտությունը հասկացող մարդիկ, ձեռնտու են անգրագետներն ու խեղճուկրակները, քանի որ նրանց հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել:

«Իսկ ինչո՞ւ է այս վիճակը առաջացել: Հանրապետական կուսակցության մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչը իր ելույթներից մեկում վերջերս ասաց, որ ձեզնից լավը, պարզվում է, չկա… Հավանաբար Կառավարությունը այդ խոսքերը լուրջ է ընդունել: Կոչ եմ անում ձեզ` դա կլասիկ գրիգորիչական շուլուխ ա եղել… Դուք չեք ամենալավը: Դուք պիտի մեզ ապացուցեք, որ ամենավատը չեք»:
XS
SM
MD
LG