Մատչելիության հղումներ

Մայիսի 21-ի մամուլ


Անդրադառնալով օրերս բանակում սպանված վերինգետաշենցի երիտասարդի հարազատների բողոքի գործողություններին` «Հրապարակ» թերթն ընդհանրացնում է. - «Բանակում զոհվածների ծնողները տարիներով քարշ են եկել դատարաններում, Պաշպանության նախարարության եւ զինդատախազության ղեկավարների դռներն են ընկել, երեխեքի նկարները ձեռքներին լցվել են փողոց, կառավարություն եւ նախագահական, թքել-մրել են վերնախավի ներկայացուցիչներին, պայքարել են՝ ով ինչպես կարող է: Բայց երբեք դեռ ծնողը չէր հասել այն ծայրահեղության, որ բողոքի իր երեխայի հոգու հանգստության հաշվին, որ պաշտոնյաների՝ զինդատախազի, ոստիկանապետի, պաշտպանության նախարարի դեմքին ոչ թե անեծք նետի, այլ սիրելի որդու դիակը»:

Հակադարձելով նախօրեին խորհրդարանում վարչապետի այն հայտարարությանը, թե հարկ է «մտածելակերպի հեղափոխություն» իրականացնել` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Պատկերացրեք` ժողովրդի մտածելակերպում հեղափոխություն է տեղի ունենում, ու ոչ մեկն այլեւս ընտրակաշառք չի վերցնում եւ չի ենթարկվում իշխանությունների ճնշումներին: Հարց է ծագում` որտե՞ղ կհայտնվեն այդ դեպքում Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետեւաբար մեծ է հավանականությունը, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե ժողովրդի մտածելակերպի փոփոխության մասին է խոսել, այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Բայց այդ դեպքում էլ ստացվում է, որ Հայաստանի բոլոր պրոբլեմների հիմքում այս իշխանությունների կրիմինալ մտածողությունն է»:

Համաձայնելով այն կարծիքներին, որ 30 տոկոսով սուբսիդավորելով գազի առաջարկվող սակագինը, հարկերն ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ «ՀայՌուսգազարդ»-ին`, «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը գրում է. - «Իսկապես, ինչո՞ւ հարկերը պետք է ուղղվեն «ՀայՌուսգազարդ»-ին, այլ ոչ թե տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է նրան, թե որտեղից է կառավարությունը փող ճարելու, ապա հարցը կարելի է լուծել շատ պարզ։ Թող պետական մենաշնորհ սահմանեն օղու, դեղորայքի եւ պարտադիր ավտոապահովագրության նկատմամբ։ Պետական մենաշնորհ սահմանելն ազնիվ է։ Խլել բիզնեսը մեկ օլիգարխից եւ տալ մյուսին՝ անազնիվ։ Իսկ մեզ՝ քաղաքացիներիս, մեր իսկ սեփական փողերը տալը անչափ ազնիվ ու ճիշտ է։ Դա նշանակում է, որ եկամուտները կգնան պետությանը։ Իսկ պետությունը մենք ենք։ Ափսոս, որ մեր եկամուտների եւ մեր միջեւ կան մարդիկ, որոնք ամեն ինչ կթալանեն։ Չինովնիկի աշխատավարձը 300 դոլար է, իսկ առանձնատունը արժե միլիոն. ուրեմն մեր առջեւ գող է։ Նայելով հենց նույն ավտոապահովագրողների եկամտի գումարին, տեսնում ես, թե ում շահերին է ծառայում այդ տուրքը։ Ավելի լավ չի՞ լինի այդ փողերը հատկացնել լավ ճանապարհների շինարարությանը։ Ճանապարհների համար փող, ասում են, չկա։ Ինչպե՞ս թե՝ «չկա», եթե մենք վճարում ենք։ Ճապոնական մեքենան Ամերիկայում արժե 18 հազար դոլար, իսկ մեզանում նույնը 36 հազար է։ Մենք, ի՞նչ է, ամերիկացիներից կրկնակի հարո՞ւստ ենք։ Ո՛չ, անհամեմատ աղքատ ենք, իսկ մեզանից յոթը կաշի են քերթում»։

«Իրատես de facto»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասում է. - «Համարյա երկու տարի տեւեց «բարձր» ընտրական սեզոնը մեր երկրում: Խորհրդարանական-նախագահական, ապա Երեւանի ավագանու ընտրությունները հաստատեցին, որ քաղաքական դաշտի իշխանական բեւեռում իրավիճակը պարզ է եւ հստակ, քաղաքական մեծամասնությունն ամուր կանգնած է իր բեւեռում եւ կարողանում է պահել դաշտը` համագործակցելով համահունչ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերի հետ: Ինչպես ժամանակին կանխատեսել էինք` հիմնական զարգացումներն ընդդիմության բեւեռում են տեղի ունենում, եւ շարունակվող գործընթացները վկայում են, որ այդ բեւեռը, փաստորեն, կայացած չէ: Այդ դաշտում ակտիվ գործընթացներ են զարգանում` հին կուսակցությունների մասնատումներ ու միավորումներ, նորերի ստեղծում եւ այլ վերադասավորումներ, գործընթացներ` կապված ծրագրային խնդիրների հետ: Այսպես, թե այնպես, քաղաքական համակարգի այդ կարեւորագույն բաղադրիչը այսօր, թերեւս, քաղաքական համակարգի չկայացածության հիմնական պատճառն է»:

«Օրակարգ» թերթը գրում է. - «Պետական ապարատի նկատմամբ հանրային վստահության մակարդակը վտանգավոր աստիճանի վրա է: Այդ պատճառով է, որ քաղաքացիները, կենցաղային ամենատարրական խնդիրներից սկսած, մինչեւ կարկտահարություն կամ աշխատավարձերի ուշացում, դիմում են գործող նախագահին: Նախագահի ինստիտուտը գործառույթների տեսանկյունից այնքան է մանրացել եւ արժեզրկվել, որ հանրությունը ակամա նախագահին նույնացնում է մարզպետի, գյուղապետի, գործարանի տնօրենի կամ լավագույն դեպքում՝ գյուղնախարարի հետ: Ոչ առանց հիմքերի՝ հանրային այս ընկալումը բավական վտանգավոր է հենց նույն պետական համակարգի համար. կառավարությունն ու Ազգային ժողովը վերածվել են նախագահականի կցորդների՝ սահմանափակելով ինքնուրույն որոշումներ կայացնելու իրենց իրավունքը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG