Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Հայաստանում կրոնական խմբերի մեծ մասը իրավական լուրջ խնդիրներ չունի»


Հայաստան - Մոլոկանները Լերմոնտովո գյուղում, ապրիլ, 2013թ.

Հայաստան - Մոլոկանները Լերմոնտովո գյուղում, ապրիլ, 2013թ.

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է կրոնական ազատությունների 2012 թվականի զեկույցը։

Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն` Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, դրա ոտնահարման էական դեպքեր անցյալ տարի չեն արձանագրվել, սակայն որոշ օրենքներ եւ ձեռնարկված քայլեր այն սահմանափակում են։

Օրենքը Հայ Առաքելական եկեղեցուն տալիս է արտոնություններ, որոնցից զրկված են կրոնական այլ խմբերը։

Պաշտոնապես գրանցված կրոնական խմբավորումների մեծ մասը իրենց գործունեության ընթացքում լուրջ խնդիրներ չեն ունեցել, սակայն, ինչպես զեկույցում է ասվում, Եհովայի վկաներից 31-ը մնում են բանտում` պարտադիր կամ այլընտրանքային զինծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշ դեպքերում խտրական եւ անհանդուրժողական վերաբերմունքի են արժանանում հասարակության կողմից, դա նկատվում է նաեւ աշխատանքի վայրերում։ Զանգվածային լրատվության միջոցները երբեմն կողմնակալություն են դրսեւորում այդ խմբավորումների նկատմամբ։

ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանի իշխանություններին հորդորում է ընդունել այլընտրանքային զինծառայության նոր օրենք, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի բնակչության մոտ 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են, մնացած հավատացյալների թվում կան կաթոլիկներ, ուղղափառներ, ավետարանչականներ, մոլոկաններ, մորմոններ, Եհովայի վկաներ, հուդայականներ, եզդիներ, սուննի եւ շիա մահմեդականներ եւ հեթանոսներ։

Ըստ Հայաստանի օրենքների` կրթությունն աշխարհիկ է, սակայն գործնականում Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցների ուսումնական ծրագրերի մաս է կազմում եւ պարտադիր դասավանդվում է։ Եկեղեցին էլ ունի ծրագրերը եւ դասագրքերը կազմելու, ինչպես նաեւ ուսուցիչների որակավորման գործընթացին մասնակցելու եւ ուսուցիչ նշանակելու իրավունք։

Օրենքն արգելում է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության գաղափարների տարածում եւ կրոնական կառույցների ֆինանսավորում արտասահմանից։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության` անցած տարվա հուլիսին անցկացրած հետազոտության համաձայն, որոշ դպրոցների ուսուցիչներ եւ տնօրեններ հայտարարել են, թե իրենց նպատակն է երեխաներին դարձնել «ճիշտ քրիստոնյաներ» եւ բացատրել նրանց, որ աղանդները պառակտում են հայ ազգը։

Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները ասում են, որ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորները երբեմն անհարկի ագրեսիվություն են դրսեւորում։

Որպես այդ կարգի անհանդուրժողականության օրինակ է բերվում Օձունում անցյալ տարվա հուլիսի 31-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը հարձակվել է Եհովայի վկաների վրա, սակայն ոստիկանների միջամտությունից հետո ներողություն է հայցել եւ ասել, թե պատրաստ է հատուցել պատճառած վնասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG