Մատչելիության հղումներ

Կառավարությունն ակնկալում է ընդդիմության եւ այլընտրանքի աջակցությունը


Ազգային ժողովում այսօր ներկայացնելով նոր ձեւավորված Կառավարության ծրագիրը` վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե առաջին անգամ ներկայացնում են «առարկայական ծրագրերով հագեցած մոտեցումներ»:

Կառավարությունը, մասնավորապես, խոստանում է առաջիկայում ապահովել բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի համակարգված բարձրացում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում եւ այլն:

2013-2017 թվականներին ծրագրվում է ապահովել 5-7 տոկոս տնտեսական աճ, առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը: Նախատեսվում է ապահովել ծնելիության աճ, 10 տոկոսով կրճատել աղքատությունը, ստեղծել 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր, շարունակաբար բարձրացնել կենսաթոշակները:

Կառավարությունը խոստանում է ոչ միայն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը, այլեւ` նվազեցնել արտագաղթը:

Ուշագրավ է Կառավարության ծրագրում տեղ գտած հետեւյալ դիտարկումը. – «Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն»:

«Մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը», - իր ելույթում ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Մասնավորապես, ի՞նչ էր ակնկալում պետությունից Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը: Առաջին հերթին, ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա: Ի՞նչ էր ակնկալում պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը: Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակված եւ խնայբանկում ներդրված ավանդի վերադարձ»:

Կառավարությունը նաեւ խոստանում է ամեն ինչ անել` ազատ եւ արդար Հայաստան ունենալու համար: Մասնավորապես, ստեղծել գործուն երաշխիքներ դատարանների ներքին անկախության համար, էապես խստացնել իրավապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրավունքների խախտման համար պատասխանատվությունը, գործուն քայլեր կատարել բիզնեսը եւ քաղաքականությունը սահմանազատելու, պետական կառավարման ապարատը բիզնեսից տարանջատելու ուղղությամբ:

Ուշագրավ է, որ ծրագրում որեւէ խոսք չկա նոր ատոմակայանի կառուցման մասին: Վարչապետն իր խոսքում, սակայն, ասաց, որ Կառավարությունը չի հրաժարվում նոր ատոմակայան կառուցելու գաղափարից:

Կառավարության ծրագրով նախատեսվում է կառուցել Իրան - Հայաստան եւ Հայաստան - Վրաստան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծեր:

Կարեւորագույն փոփոխությունը, սակայն, ըստ վարչապետի, մտածելակերպի փոփոխությունն է. - «Վարքագծային կանոնների փոխոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն եւ դատապարտելի են բոլորի կողմից: Այո, սա հեղափոխություն է, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում»:

Ելույթի վերջում Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս փոփոխությունների իրականացման գործում իրենք ակնկալում են ե'ւ ընդդիմության, ե'ւ այլընտրանքային ուժերի աջակցությունը:

Նշենք, սակայն, որ վարչապետի ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները լքեցին դահլիճը:
XS
SM
MD
LG