Մատչելիության հղումներ

«Գրավված տարածքների» օրինագիծ Ադրբեջանի խորհրդարանում


Միլի մեջլիսի օրենսդիրները կրկօրինակում են վրացի գործընկերների փորձը։

Միլի մեջլիսի հանձնաժողովներում քննարկում են «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագիծը, որը, ինչպես ենթադրվում է, մոտ ապագայում կներկայացվի լիագումար նիստին։

Այն կազմված է 12 հոդվածներից եւ վերաբերում է «օկուպացված տարածքներում տեղաշարժի սահմանափակման, գույքի տնօրինման, մարդու իրավունքներին եւ մշակութային ժառանգությանը»։

«Ազերնյուզ» լրատվական կայքի փոխանցմամբ, օրինագծի հեղինակներից Գուդրատ Հասանգուլիեւն ասել է, որ փաստաղթղի համար հիմք է ծառայել հարեւան Վրաստանի փորձը։

«Օրենքը կենթադրի սահմանափակումներ եւ տուգանքներ Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալող ընկերությունների համար, այնպես որ դրանք ստիպված կլինեն ընտրել` Լեռնային Ղարաբա՞ղ, թե՞ Ադրբեջան», - ասել է պատգամավորը։

Նրա խոսքերով, «օրինագիծը Հայաստանին կպարտավորեցնի ֆինանսապես եւ այլ եղանակով հատուցել ադրբեջանական տարածքներին վնաս հասցնելու համար»։

Հասանգուլիեւը պնդում է, որ օրինագիծն ուղարկվել է մեծ թվով պետությունների արտաքին գործերի նախարարություններ։

Օրինագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ «ռազմական ագրեսիա իրականացրած Հայաստանը պարտավոր է բարոյապես ու նյութապես հատուցել բնակավայրը ստիպողաբար լքած Ադրբեջանի քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ օտարերկրացիների վնասները»։

Նմանատիպ օրենք ժամանակին ընդունած Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ լրամշակել եւ մեղմել է դրա որոշ դրույթներ, մասնավորապես, թուլացրել է պատիժը Աբխազիա եւ Հարավային Օսիա առանց Թբիլիսիի թույլտվության այցելող մարդկանց համար։

Վրաստանի ներկայիս ընդդիմությունը պնդում է, որ այսօրինակ թուլացումները վտանգավոր են երկրի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG