Մատչելիության հղումներ

Թմրանյութի օգտագործումն ապաքրեականացնելու օրինագիծը մինչեւ մայիսի վերջ կներկայացվի խորհրդարան։

Վրաստանում այսօրվա դրությամբ գործում է խիստ օրենք` որեւէ մեկի մոտ երկու գրամից ավելի քանակության մարիխուանա հայտնաբերելու դեպքում նրան տուգանում են խոշոր չափով, դատապարտում երեք ամսվա հանրօգուտ աշխատանքի կամ մինչեւ մեկ տարվա ազատազրկման։

Այս խիստ միջոցներն ընդունվել են 2006 թվականին, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուներ իշխանության հզոր լծակներ, սակայն հիմա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած նոր իշխող կոալիցիան մտադիր է վերանայել եւ մեղմել օրենսդրությունը։

Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն ասել է, որ «արգելքի վրա խարսխված քաղաքականությունը հաճախ հակառակ ազդեցությունն է գործում եւ խթանում է թմրամիջոցների ստեղծումն ու դրանց շրջանառումը»:

Սերգեենկոյի համոզմամբ` պայքարը թմրանյութերի տարածման դեմ պահանջում է լավ մշակված ռազմավարություն, եւ մարիխուանայի ապաքրեականացումը կարող է դրա բաղադրիչներից մեկը լինել։

«Վրացական երազանք» իշխող դաշինքից խորհրդարան ընտրված պատգամավոր Կոբա Դավիթաշվիլին ասել է, որ մարիխուանայի համար նախատեսված ազատազրկումը հարկ է փոխարինել մեծ տուգանքով։

Թմրամոլների կենտրոնում աշխատող բժիշկ, թմրամոլության խնդիրները հետազոտող «Այլընտրանքային Վրաստան» ոչ կառավարական կենտրոնի ղեկավար Դավիթ Օտիաշվիլիի կարծիքով` «ապաքրեականացումը, հավանաբար, անխուսափելի է»։

«Ես կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ դա [մարիխուանայի ապաքրեականացումը] կդառնա միջազգային նորմ, եւ Վրաստանը պարզապես պարտավոր կլինի դա ընդունել», - ասել է Օտիաշվիլին։

Միաժամանակ, նա համոզված է, որ գործող օրենքի լրամշակումը պետք է ուղղված լինի թմրամոլների ընդհանուր թվի կրճատմանը։ Նա ասում է, որ «թեթեւ» թմրանյութ համարվող մարիխուանայի ապաքրեականացումը պետք է անպայման զուգորդվի թմրամոլների բուժման եւ ռեաբիլիտացիայի ծրագրերով։

«Տարիներ շարունակ Վրաստանում իրականացվել է պատժիչ քաղաքականություն, որի թիրախն են թմրանյութերի ապօրինի շրջանառման մասնակիցները` թմրանյութ վաճառողները եւ օգտագործողները, այդ մոտեցումը տվել է երկու արդյունք. թմրանյութ օգտագործողներն անհետացել են փողոցներից։ Հասարակության մի մասը դա դրական է համարել, սակայն խնդրի պատճառները արմատախիլ չեն արվել, հազարավոր մարդիկ հայտնվել են բանտերում, մեկուսացված են հանրությունից, իսկ մնացածներն անցել են ընդհատակ», - ասել է Օտիաշվիլին։

Հնչում են նաեւ զգոնության կոչեր։ Խորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ղեկավար Գուգուլի Մագրաձեն ասել է, որ «գործող օրենսդրությունը պետք է փոխել, սակայն դրա հետ մեկտեղ ամեն բան պետք է անել մարդկանց թմրանյութերից հեռու պահելու համար»։

Մագրաձեի համոզմամբ, «մարիխուանայի հայտնաբերման համար վճարվող տուգանքները պետք է փոխանցել թմրամոլներին բուժելու ծրագրերին»։

«Համաձայն եմ, որ մարիխուանան պետք է ապաքրեականացվի, սակայն պետք չէ սխալ ուղերձ հղել մարդկանց, պետք չէ մարիխուանան ներկայացնել որպես բացարձակ անվտանգ մի բան», - ասել է Թբիլիսիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Իրակլի Գեմկրելիձեն:

Կան նաեւ օրենքի լրամշակման ընդդիմախոսներ։ «Ազատություն» ռադիկայանի վրացական ծառայություն զանգահարած մի կին ասել է, որ իր հայրենի Իմերեթիում մարդիկ վախ ունեն, որ կպատժվեն կանեփ մշակելու համար։ «Հիմա թե իմանան, որ վտանգ չկա, հավատացնում եմ, բոլոր տղամարդիկ կսկսեն ծխել այդ նյութը», - ասել է մտահոգված կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG