Մատչելիության հղումներ

logo-print

Ձերբակալվել է Արկադի Վարդանյանը


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Այդ մասին ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

«Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար», - փոխանցում է ԱԱԾ-ն` շարունակելով. - «Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013 թվականի մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն)»:

Նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ի քննչական վարչությունը:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: Ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ խափանման միջոց ընտրելու հարցերը:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը խոստանում է քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվություն տրամադրել հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի եւ համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

Արկադի Վարդանյանը տարիներ առաջ քաղաքական գործունեություն էր իրականացնում Հայաստանում, նրա դեմ քրեական գործ հարուցվեց, ապա նա լքեց երկիրը: Վերջերս, սակայն, Վարդանյանը մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG