Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են


Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, Ռուսաստանում այսօր բանակցություններ են ընթանում Հայաստանին մատակարարվող գազի շուրջ:

Ազգային ժողովում վարչապետն այսօր նշեց, որ ամենաբարձր մակարդակով ընթացող բանակցությունների նպատակը գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելն է:

Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանականներին ներկայացնում է Կառավարության գործունեության ծրագիրը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչն է խոչընդոտում իրանական գազը Հայաստան բերելուն:

Վարչապետի արձագանքը. - «Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել եւ էժան գազ մատակարարել Հայաստանի Հանրապետություն: Այսօր ՀՀ կառավարությունը օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի գազը, որ մատակարարվում է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, լինի առավել ցածր գների: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք ամեն ինչ` սկսած մեր հարաբերություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավարտած մեր ռազմավարական գործընկերոջ հետ բանակցային գործընթացով»:

Հակադարձելով դիտարկմանը, թե Կառավարությունը «ձեռքերը ծալած» նստելու փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր գազամատակարարման մենաշնորհի դեմ, Տիգրան Սարգսյանն ասաց, թե ձեռքերը ծալած չեն նստել, այլ բանակցել են, ինչի արդյունքում անցած երեք տարիներին սպառողներին մատակարարվող գազի սակագինը չի փոխվել. - «Մեր քաղաքական պայմանավորվածությունները այնպիսին են, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին մատակարարելու է գազը ամենաէժան գներով»:

Նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) իր հերթին հակադարձեց, թե Տիգրան Սարգսյանը «ճիշտ չի ասում», երբ նշում է, թե Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է ամենաէժան գնով:

Մանրամասնելով` նախկին վարչապետն ասաց, որ սահմանի վրա Ռուսաստանը գազը վաճառում է 270 դոլարով, եւ ռուսաստանյան մյուս կազմակերպությունը` «ՀայՌուսգազարդ»-ը, այդ գնի վրա ավելացնում է եւս 260 դոլար: Ստացվող գինն ավելի թանկ է, քան Ուկրաինային մատակարարվող գազը. - «Դուք ուղղակի մեղք ունեք` Հանրապետական կուսակցության հետ միասին, գազի բարձր գնի համար: Չի կարող պատահել, որ 100 միավոր ապրանքն արժենա, 100 միավոր էլ Հայաստանի սահմանից`Նոյեմբերյանից Երեւան բերելը»:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ մայիսի 23-ին Ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ, որոնք ընթացքում կքննարկվի, թե ինչպես է ձեւավորվում գազի գինը սպառողների համար:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) նկատեց, թե լավ կլիներ, եթե վարչապետը խորհրդարանի ամբիոնից խոստովաներ, որ 2011 թվականից գիտեին, որ գազը թանկանալու է ընտրություններից անմիջապես հետո, բայց սպասել են ընտրությունների ավարտին, որպեսզի «վստահության քվե» ստանան, իսկ հետո դրա «մուռը հանեն ժողովրդից»:

«Պարոն Փաշինյան», - արձագանքեց վարչապետը, - «Ձեր բնույթն է եւ ձեր ոճն է` չտեսնել ոչ մի կատարված աշխատանք: Ակնհայտ է, չէ՞, որ Կառավարությունը վերջին երեք տարիներին ամեն ինչ արել, որ գազի գները Հայաստանում չբարձրանան: Ի՞նչ կա թաքցնելու: Այո’, մենք արել ենք դա»:
XS
SM
MD
LG