Մատչելիության հղումներ

Ծառուկյանի հետ զրույցից Հովհաննիսյանի արած մեջբերումները «թերի են»


Րաֆֆի Հովհաննիսյան եւ Գագիկ Ծառուկյան

Րաֆֆի Հովհաննիսյան եւ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր տարածած հաղորդագրությունում «թերի եւ ոչ ստույգ» է որակել երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած մեջբերումները իր եւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից:

«Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են եւ ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը», - ասված է Ուրիխանյանի հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերվում է քաղաքական եւ մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որեւէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը եւ համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը», - հայտարարում է ԲՀԿ-ի խոսնակը` հավելելով, որ հիշյալ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից` Հովսեփ Խուրշուդյանը եւ Ռուբեն Հակոբյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, մասնավորապես, թե Գագիկ Ծառուկյանը իր հետ հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG