Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է` ԲՀԿ-ն այլընտրանք է


Գագիկ Ծառուկյանը իր հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծմանը, Աբովյան, 14-ը մայիսի, 2013

Գագիկ Ծառուկյանը իր հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծմանը, Աբովյան, 14-ը մայիսի, 2013

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է օրերս արած հայտարարությունը, թե իր գլխավորած կուսակցությունն ընդդիմադիր չէ:

zham.am կայքին տված հարցազրույցում Ծառուկյանն ընդգծում է, թե ինքը դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չէ, բացի այդ Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որեւէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ, եւ հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ «ԲՀԿ-ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը»:

«Որտե՞ղ են հիմա նախկին մի խումբ կատաղի ընդդիմադիրները», - հարցնում է Գագիկ Ծառուկյանը` շեշտելով. - «Ես անկեղծ եմ ժողովրդի հետ։ Ես իրոք փոփոխություն եմ ուզում, եւ ամեն ինչ անում եմ եւ անելու եմ այդ փոփոխություններին հասնելու համար։ Ես նաեւ ուզում եմ, որ այդ փոփոխությունները արյունով չլինեն, ցնցումներով չլինեն, մեր քաղաքացու անվտանգության հաշվին չլինեն։ Մենք տեսել ենք, թե իրենց ընդդիմադիր հռչակած որոշները ինչպես են շատ կարճ ժամանակի ընթացքում հայտնվում հակառակ բեւեռի առաջամարտիկների շարքում։ Հիմա ո՞րն է ավելի ազնիվ եւ արդյունավետ՝ հայտարարել ընդդիմություն, սակայն բացի ճառ ասելուց այլ բան չանե՞լ, ժամանակ առ ժամանակ էլ ծառայել իշխանությանը, թե՞ լինել այլընտրանք եւ առաջ տանել ժողովրդի շահը», - հայտարարել է ԲՀԿ առաջնորդը` հստակեցնելով, թե իր ասածները չեն վերաբերում բոլոր ընդդիմադիր ուժերին:

Ծառուկյանը, սակայն, ձեռնպահ է մնացել անուններ հնչեցնելուց:

Այսօր հրապարակված հարցազրույցում խոշոր գործարարը անդրադարձել է նաեւ երկրի արտաքին ու ներքին մի շարք խնդիրների` ողբերգական բնորոշելով, օրինակ, այն, որ «10 տարի հետո այսօր արտագաղթած երեխաները հայերեն չեն խոսելու, ձուլվելու են»:

«Ես խոսել եմ արտերկրում ապրող հարյուրավոր հայ խոշոր գործարարների հետ, ովքեր պատրաստ են հայրենիքում ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, բայց չեն շտապում, քանզի ունեն մտավախություններ: Ես ամենօրյա շփումների մեջ եմ փոքր ու միջին ձեռներեցների հետ՝ անհեռանկար, հուսալքված մթնոլորտ է», - ասում է Ծառուկյանը` մանրամասնելով. - «Մեր թշնամիները կոնկրետ մարդիկ չեն: Մեր թշնամին երկրում տիրող վիճակն է: Մեր թշնամին կոռուպցիան է, անարդարությունն է, աղքատությունը, արտագաղթն ու հուսալքությունն է»:

zham.am-ի հարցին, թե կա տեսակետ, որ Յուրի Վարդանյանին սպորտի նախարար նշանակելուց հետո Դուք կդադարեցնեք մարզաշխարհին ցուցաբերվող ձեր անձնական օգնությունը, ԲՀԿ առաջնորդը բավական ուշագրավ պատասխան է տալիս. - «Այն պահից, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել կառավարող կոալիցիային, անկեղծ ասած, ես ունեմ զրոյական հետաքրքրություն, թե ով ինչի նախարար է»:

Ծառուկյանը վստահեցրել է, թե շարունակելու է աջակցությունը մարզական ոլորտին` միաժամանակ հավելելով, թե սպորտի նախարարություն Հայաստանին «երեւի այնքան էլ պետք չէ»:

«Պետական միջոցների խնայողություն կլիներ, եւ սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել: Ի դեպ, նույնը վերաբերում է մի քանի նախարարությունների եւս», - ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մամուլը պարբերաբար գրում է Ծառուկյանի եւ Յուրի Վարդանյանի լարված հարաբերությունների մասին. հանրահայտ մարզիկը հրապարակավ քննադատել է Ծառուկյանի գործունեությունը մարզական ասպարեզում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հերքեց տեղեկությունները, թե նորանշանակ նախարարը կարգադրել է քանդել իր աշխատասենյակը, որը նախարարության շենքում է:

«Այդպիսի բան չկա, դա հերյուրանք է, թող ոչ ոք նեղություն չքաշի, ամեն մարդ թող իր կաբինետը վերանորոգի», - ասաց նա:

Ծառուկյանը հազվադեպ է լինում խորհրդարանում, այսօր խոստացավ ավելի հաճախ գալ:

«Հիմա չեմ եկել գործի առումով, ոչ թե առ եմ համարել, այլ եղել են գործողումներ, աշխատանքներ, հիմա ավելի ազատ ենք, միշտ պետք է հաճախենք, լիարժեք տեղեկանանք, աշխատենք», - ասաց Ծառուկյանը` հրաժարվելով պատասխանել ԲՀԿ-ի` ընդդիմություն դառնալ-չդառնալու վերաբերյալ հարցերին:

Մինչ այդ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պնդելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանն աղավաղել է Ծառուկյանի հետ ունեցած զրույցի մանրամասները: Կիրակի օրը «Ժառանգության» առաջնորդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե զարմացած չէ ընդդիմություն չդառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունից, քանի որ իր հետ մասնավոր հանդիպումներում ԲՀԿ առաջնորդը բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին: ԲՀԿ խոսնակը պնդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որեւէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը եւ համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Կուսակցությունը սա գնահատում է որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն` հակառակ պարագայում չբացառելով հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` այդ դեպքում համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արձագանքելով այս հայտարարությունը` «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը փոխանցեց, թե հանդիպումը գաղտնի է ձայնագրվել:

«Մենք տեղյակ չենք եղել, որ այդ զրույցը ձայնագրվել է, պարոն Հովհաննիսյանը ներս մտնելուց դրսում տեսախցիկներ տեսել է, ինքը ասել է, որ կարող են հենց սկզբից նկարահանել, սակայն դիմացի կողմը ասել է, որ տեսախցիկները ընդամենը վերջում մի պաշտոնական տեսագրության համար են», - փոխանցեց Խուրշուդյանը:

Միաժամանակ «Ժառանգությունում» դեմ չեն, որ ձայնագրությունը հրապարակվի, ավելին կոչ են ԲՀԿ-ին անել դա` միայն թե չմոնտաժված տարբերակով:

«Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է ընդամենը այն, ինչ Ծառուկյան Գագիկը կրկնել էր մի քանի օր առաջ, ընդ որում ասել է շատ դրական կոնտեքստում, ասել է, որ Ծառուկյան Գագիկը բավականին ազնիվ է եւ նույն բանն է ասել, ինչ ժամանակին ասում էր ինձ», - ասաց «Ժառանգության» խոսնակը:
XS
SM
MD
LG