Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների գործերը ուղարկվում են դատարան


Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններ
Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը անցած շաբաթավերջին հաստատել է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Սերոբյանը եւ Վ. Թորոսյանը, հաշվառված լինելով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում եւ ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներից մեկի` Լ. Դավթյանի օժանդակությամբ մասնակցել են Երեւանի ավագանու ընտրություններին։

Մասնավորապես, Հայաստանի դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողների անվան դիմաց լրացրել է Թորոսյանի եւ Սերոբյանի անձնագրերի տվյալները եւ նրանց տվել քվեաթերթիկ ու ծրար: Թորոսյանը քվեարկել է այլ անձի փոխարեն, իսկ Սերոբյանը չի կարողացել քվեարկությունն ավարտին հասցնել, քանի որ այն կանխվել է հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-153-րդ եւ 38-34-153-րդ հոդվածներով` «հանցակցություն մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն եւ քվեարկելու փորձին», Սերոբյանին` Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ», իսկ Թորոսյանին` Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը»:

Դատախազության մեկ այլ հաղորդագրության համաձայն` դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է. Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Եփրեմյանը, ով այլ ընտրատեղամասի ընտրող է, իր տեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 09/17 ընտրատեղամաս եւ փորձել կրկին քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից:

Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG