Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Բագրատյանի` Հայաստանը դառնում է գազի համար ամենաթանկ վճարող երկրներից


Հրանտ Բագրատյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Հրանտ Բագրատյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

«Ավելի սարսափելին ներսի թանկացումն է», - ընդգծում է նախկին վարչապետը` անթույլատրելի համարելով «ՀայՌուսգազարդ»-ի մենաշնորհը:

Եթե բավարարվի «ՀայՌուսգազարդ»-ի հայտը, եւ գազի գինը հազար խորանարդ մետրի համար 132 հազար դրամից դառնա 221 հազար դրամ` մոտ 530 դոլար, ապա կստացվի, որ Հայաստանը գազի համար ամենաթանկ վճարող երկրներից է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Գնելով գազը Ռուսաստանից 270 դոլարով` «ՀայՌուսգազարդ»-ը 260 դոլար էլ վրան ավելացնում է, այսինքն` գինը գրեթե կրկնապատկվում է. - «Ավելի սարսափելին ներսի թանկացումն է, ոչ թե ռուսական թանկացումը` ամբողջ հարցը սա է», - ընդգծեց Բագրատյանը:

Նախկին վարչապետը բերում է այլ երկրների, մասնավորապես` Վրաստանի, Ուկրաինայի օրինակները, որտեղ բնակիչները գազը ձեռք են բերում շատ ավելի էժան, քան այսօր Հայաստանի բնակիչը:

«Ուկրաինան 350-ով, 400-ով ստանում է, վրան 20 դոլար ավելացնում է, վաճառում է», - նշեց պատգամավորը` շարունակելով. - «Այսօր Հայաստանում գազը բնակչությանը ծախվում է ավելի թանկ, քան Ուկրաինայում, այս նոր գներով ընդհանրապես ավելի թանկ է ստացվում»:

«Իսկ ինչի՞ է մեր մոտ կրկնապատկվում, երբ որ մեր երկիրը փոքր է, երբ որ Նոյեմբերյանից մինչեւ Երեւան, ասենք, ընդամենը 190-180 կիլոմետր է, ի՞նչ է պատահել: Այստեղ մենք գլխներիս պիտի խփենք այն, որ «ՀայՌուսգազարդ»-ը մոնոպոլիա է, մենք չունենք հնարավորություն հասկանալու», - շեշտեց Հրանտ Բագրատյանը:

«Դրա համար ինձ զայրացնում է, երբ որ ասում են, այսօր ես կարդում եմ, թե Ռուսաստանը, այնուամենայնիվ, մեզ ամենաէժան գազերից մեկն է տալիս: Այդպիսի բան չկա: «ՀայՌուսգազարդ»-ն էլ է չէ՞ ռուսական` 80 տոկոսով: Դուք ընդհանուր գինը հաշվեք: Մինչեւ այս թանկացումը Երեւանում դուք վճարում էիք 132 դրամ մեկ խորանարդ մետրին, Թբիլիսիում վրացին` 110 դրամ, երբ որ մենք ստրատեգիական գործընկերներ ենք իբր թե [Հայաստանը եւ Ռուսաստանը], դուք գիտե՞ք սա: Ուկրաինացին վճարում էր 95 դրամ հայկական դրամով», - ասաց նախկին վարչապետը:

Հարցին, թե ինչ ելք է տեսնում`, Բագրատյանը արձագանքեց. - «Պիտի փոխվի այս ամեն ինչը: Պետք է կանչենք «ՀայՌուսգազարդ»-ը` կամ մենք սահմանում ենք նորմատիվորեն` դու ինչ գնով պետք է ներսում գազը տեղափոխես... Մի կողմ թողնենք ռուսական մեծածախ գազի գինը` մեծածախ գինը ռուսների գործն է: Որպես փոխհատուցում` պետք է ներմուծենք իրանական գազը: Մենք այսօր արդենք գիտենք, որ արեւի էլեկտրաէներգիան այնքան է էժանացել վերջին երեք տարում, որ ատոմակայանը հավասար է մենք երկու հատ բլոկ կառուցենք: Մենք պետք է ստեղծենք մեր ալտերնատիվ` հայկական, գազ բերող կազմակերպություն, մրցակցություն դնի, սա 1980 թիվը չի, որպեսզի մեկ գազամատակարար լինի: Ելքը սա է»:

«Ինչո՞ւ Ռուսաստանի ներսում մարդը գազը սպառում է մարզերում 55 դոլարով, Հայաստանում պետք է սպառի 675 դոլարով` այս նոր գնով ստացվում է 675, դուք պետք է կալորիականությունն էլ հաշվեք: Այդպիսի, ավելի բարձր գին, ինձ թվում է, եթե այդպես հաշվենք, այդ գնով, աշխարհում երեւի ամենաբարձր գինը այսօր ունի երեւի Դանիան», - ասաց նախկին վարչապետը:

Հարցին` իրակա՞ն է համարում արդյոք այլընտրանքային գազամատակարարի ստեղծումը, նա պատասխանեց. - «Անպայման` պետությունը փող է դնում, սկսում է կառուցել»:

Իսկ դիտարկմանը, որ դա հսկայական գումարների հետ է կապված, Բագրատյանը արձագանքեց. - «Դրանք զրո են` այդ գումարները, կապիտալ ծախսերը մտցնում ես ապագա տարիֆի մեջ եւ կառուցում ես: Կամ` բերել իրանական գազը, կառուցել հեղուկ գազի գործարան եւ հեղուկ գազ վաճառել: Այդքան մեծ ցանցեր չսարքելու համար մենք կարող ենք, ասենք, այդ գազը գալիս հասնում է Երեւանի մատույցներում կառուցենք հեղուկ գազի գործարան, հանրապետությունում մատակարարենք հեղուկ գազով, եւ այդ ընկերությունը սկսի մրցակցել «ՀայՌուսգազարդ»-ի հետ»:

«Եվ սա նորմալ է, ինչ-որ հակառուսական բան չի պարունակում իմ ասածը իր մեջ, սա նորմալ է` Հայաստանը իրականացնում է իր քաղաքականությունը», - ամփոփեց նախկին վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG