Մատչելիության հղումներ

Մայիսի 18-ի մամուլ


«Առավոտ»–ի խմբագիրը հարցնում է. – «Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի։ Այդ հարցը վերջերս շատ է հնչում։ Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ երկուսն էլ կործանարար են։ Արտագաղթի տեմպի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ֊որ մի պահի կօգտվի հակառակորդը։ Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույն իսկ Նախախորհրդարանին՝ գնում է, ջարդում–փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները։ Դա նշանակում է քաոս, եւ մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի։ Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախեւառաջ իշխանությանն է։ Ինքնապահպանման պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու՝ սեփական ազդեցությունը փոքր֊ինչ թուլացնելու եւ պետությունը փոքր֊ինչ ուժեղացնելու ուղղությամբ»։

«Հայոց աշխարհ»֊ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ասում է. ֊ «Անընդունելի է, երբ որոշ քաղաքական գործիչներ, քննարկումներն այդ ուղղությամբ տանելու փոխարեն, չարախնդում են, հերթական անգամ ահաբեկում հասարակությանը սոցիալական բունտի հեռանկարով եւ չարագուշակ կանխատեսումներ անում մեզ սպառնացող քաղաքական, տնտեսական ցնցումների վերաբերյալ։ Եվ ովքե՞ր են խոսում այդ մասին՝ մարդիկ, որ տապալվել են անցած ընտրություններում եւ առիթ են ման գալիս եւս մեկ անգամ բարձրաձայնելու իրենց անհիմն հավակնությունների մասին»։ Լրագրողը հարցնում է. ֊ «Մտավախություններ են հնչում, թե «գազային թնջուկը» մեղմելու համար կառավարությունը ստիպված կլինի հրաժարվել թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելու հանձնառությունից»։ Պատգամավորը պատասխանում է. ֊ «Համաձայն չեմ այդ մտավախությանը, որովհետեւ գազի սակագնի բարձրացումը որեւէ մեկի համար անակնկալ չէր, առավել եւս՝ հանրապետության նախագահի եւ վարչապետի։ Եթե կառավարությունը խոստացել է ավելացնել թոշակները եւ աշխատավարձերը՝ ուրեմն հաշվի է առել նաեւ այդ գործոնը»։

«Ժողովուրդ»֊ը իր խմբագրականում տեղեկացնում է. ֊ «Օգոստոսի մեկից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել Ռուսաստանի Դաշնության 18-27տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում եւ՝ տարբեր երկրներից եկած միգրանտները։ Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաեւ երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից՝ մյուս երկրում ծառայել է, թե ոչ։ Իհարկե, այս օրենսդրական փոփոխությամբ Ռուսաստանը փորձում է օտարերկրացիների միջոցով լուծել զինակոչիկների դեֆիցիտի հարցը։ Մեզ համար, սակայն, այս նոր օրենքը չափազանց կարեւոր նշանակություն կարող է ունենալ։ Եթե նախկինում զինակոչային տարիքի երիտասարդներն ամեն կերպ ջանում էին Հայաստանից հեռանալ Ռուսաստան՝ հետագայում այնտեղ տարբեր ուղիներով քաղաքացիություն ստանալու եւ այդպիսով հայոց բանակում ծառայելուց խուսափելու նպատակով, ապա հիմա դա այլեւս անիմաստ է դառնալու»։

«Ժամանակ»֊ի հետ հարցազրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ներկայացրել է ներքաղաքական վիճակի վերաբերյալ իր տեսակետը։ Նա ասում է. ֊ «Գագիկ Ծառուկյանը խոշոր բիզնեսմեն է, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում խոշոր բիզնեսմենը չի կարող ամբողջությամբ թեքվել դեպի ընդդիմություն։ Գուցե փորձ արվում է, բայց գիտենք, իշխանությունների լծակներն ինչպես կարող են ազդել գործարարի վրա, ինչպես են մարդկանց ունեցվածքը ոչնչացնում կամ բիզնեսները ձեռքից խլում։ Հետեւաբար՝ այսօր ես չեմ կարող հստակ գնահատական տալ՝ ԲՀԿ֊ն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն։ Ըստ իս՝ ԲՀԿ֊ն այլընտրանք է, որը դեռ չի կողմնորոշվել, բայց քայլերի շարքը՝ կոալիցիա չմտավ, Սերժ Սարգսյանին չշնորհավորեց, մղումներ են դեպի ընդդիմություն»։ Հարց. ֊ «Բայց Լեւոն Զուրաբյանը նորից կարծում է, որ ԲՀԿ֊ն ընդդիմություն է»։ Պատասխան. ֊ «Ես չեմ ուզում մեկնաբանել Լեւոն Զուրաբյանին»։

«Չորրորդ ինքնիշխանություն»֊ը գրում է․ ֊ «Անցած շաբաթ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու մասին կես քայլ առաջ էր։ Այս մասին երեկ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ամենշաբաթյա բողոքի ակցիայի ընթացքում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Եթե իշխանությունները արձանագրում են, որ առաջին եւ երկրորդ ատյանի դատարանները ինչ֊որ բան սխալ են արել, այնտեղ փոխելու բան կա՝ դա ես համարում եմ առաջընթաց։ Ես այդպես էլ կարծում էի, ար այդ քայլը ընտրություններից հետո կանեն։ Ընտրություններից հետո արեցին, բայց կես քայլ արեցին։ Ես կարծում եմ, որ շատ շուտով, իմ կարծիքով, գոնե օգոստոսին մենք քաղբանտարկյալ չենք ունենալու»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG