Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը երեկ անցավ եզրափակիչ փուլ։

«Դորիանսը» շվեդական Մալմո քաղաքում ներկայացավ Black Sabath ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմիի եւ Վարդան Զադոյանի հեղինակած Lonely Planet երգով։

Հայկական ռոք խմբի մրցակիցների շարքում էին նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացնող երաժիշտները։ Երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի 17 մասնակիցներից եզրափակիչ անցան 10, այդ թվում՝ Հայաստանը։

Հայկական Empyray ռոք խմբի ոկալիստ Սարգիս Մանուկյանը, ով այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր, հատկապես կարեւորեց այն փաստը, որ Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացավ ռոք խմբով։

«Հաստատ լավն էր ու բոլորից էլ լավն էր կատարումը, հա՛մ հնչողությունը, հա՛մ որակը», – ասաց նա, եւ, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե տոկոսային առումով հաղթանակի ի՞նչ հնարավորություն ունի «Դորիանս» խումբը, Սարգիսն ասաց, – «Որպես երաժիշտ՝ 100 տոկոսանոց, որպես քաղաքական մրցույթ՝ 20 տոկոսանոց»։

Երեկ «Դորիանսի» ելույթից հետո համացանցի հայկական հատվածում հիմնականում հնչում էր նույն գնահատականը՝ որ Հայաստանը ներկայացնող մասնակիցը փայլուն հանդես եկավ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG