Մատչելիության հղումներ

Տուժած գյուղերին սերմացու եւ սածիլներ կտրամադրվեն


Գյուղատնտեսության նախարարությունը տարբեր բույսերի 24 տոննա սերմացու եւ 200 հազար սածիլ անվճար կհատկացնի Արմավիրի մարզի այն 43 գյուղերին, որոնք տուժեցին անցած կիրակի տեղացած կարկուտից։

Լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հույս հայտնեց, որ անվճար սերմերի ու սածիլների հատկացմամբ հնարավոր կլինի ինչ-որ չափով փոխհատուցել գյուղացիների վնասները։

Բացի այդ, գյուղատնտեսության նախարարությունը աղետից տուժած տնտեսություններին շուկայականից ավելի ցածր գներով պարարտանյութ ու դիզվառելիք կհատկացնի։

Պետրոսյանի կարծիքով, կրկնացանք իրականացնելու դեպքում կան բոլոր նախադրյալները, որ Արարտյան դաշտում, եթե ոչ սպասվածի չափով, ապա գոնե կայուն բերք կստացվի։

Մինչդեռ աղետից վնասներ կրած գյուղացիները ոչ միայն թերահավատ են հատկացվելիք սերմացուի որակի հարցում, այլեւ նշում են, որ արդեն իմաստ չունի ցանքս անել՝ ուշ է։

«Երբ հողի արտաքին շերտը տաքանում է, մշակաբույսը չի ծլում դուրս գալիս, դրա համար մարդիկ գարունն են ցանքը կատարում», - այսօր լրագրողներին ասում էին Արմավիր գյուղի բնակիչներ Եղիազար Ասմարյանը եւ Ասատուր Հայրապետյանը, - «Ուզում են սերմ տան, պարարտանյութ տան, դիզվառելիք տան... այդ սերմը ես վերցնեմ՝ ի՞նչ անեմ»։

Աղետից վնասներ կրած գյուղացիները այլ պահանջներ ունեն՝ սերմացուի փոխարեն նրանք գումար են ուզում։

«Մենք ուզում ենք մի քիչ աջակցություն տան, վարկերը սառեցնեն գյուղացիների, որպեսզի կարողանան ընկնեն հաջորդ տարի, ամեն մեկը իր գլխի ճարը ինչ-որ մի կերպ յոլա գնա՝ ապրի», - ասում են գյուղացիները։

Գյուղատնտեսության նախարարությունը դեռեւս չի ամփոփել անցած կիրակի Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած տնտեսությունների վնասը։ Գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի խոսքով, վնասների չափերը ամփոփելուց հետո նաեւ կքննարկվեն գյուղացիների վարկային պարտավորությունների կասեցման, ինչպես նաեւ ֆինանսական աջակցության հատկացման հարցեր։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օրեր առաջ անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե կփոխհատուցեն միայն սոցիալապես անապահով գյուղացիներին։ Վնասներ կրած գյուղացիներն ասում են, թե կարկտահարությունից հետո իրենք բոլորն էլ դարձել են սոցիալապես անապահով։

Իրեն իշխանության այլընտրանք անվանող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այցելելով տուժած գյուղեր, խոստացել է 5 գյուղերում հակակարկտային կայաններ տեղադրել սեփական միջոցներով, ինչպես նաեւ աջակցել այլ հարցերում եւս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG