Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր օրինագիծ են մշակել


Հայոց Ցեղասպանության ճշմարտության եւ արդարության օրինագիծը (The Armenian Genocide Truth and Justice Act) պատրաստել են չորս կոնգրեսականներ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան անդամներ դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Մայքլ Գրիմը, հանրապետական Դեյվիդ Վալադաոն եւ դեմոկրատ Ֆրենք Փալոնը մշակել են Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ։

Օրինագիծը Սպիտակ տանը հորդորում է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդար, կառուցողական եւ ամուր հարաբերությունների հաստատմանը, որը հիմնված կլինի պատմական փաստերը եւ Հայոց ցեղասպանության առկա հետեւանքները Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչելու, մարդկության դեմ այդ հանցագործությանը միջազգային ազնիվ, արդար, համապարփակ լուծում տալու վրա։

«Պատմական փաստերը հայտնի են` 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների միտումնավոր կոտորել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում: Ամեն օր մեզանից հեռանում են քիչ մնացած վերապրողներից եւս մի քանիսը։ Մենք պարտավոր ենք գիտակցել առանց վերապահումների եւ ձգձգելու Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական պարտավորությունը», - հայտարարել է Ադամ Շիֆը։

«Գրեթե մեկ դար առաջ միլիոնից ավելի հայ տղամարդիկ, կանայք եւ անմեղ երեխաներ Օսմանյան կայսրությունում անխնա դատապարտվել են մահվան այն ուժերի կողմից, որոնք փորձել են իրականացնել նրանց երկրի երեսից վերացնելու հրեշավոր նպատակը», - հայտարարել է Մայքլ Գրիմը։

«Միացյալ Նահանգները հետեւողականորեն պաշտպանում է արդարությունն ու մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում, եւ մեր սրբազան առաքելությունն է հստակ եւ անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունը։ Ես հպարտ եմ Նյու Յորքի հայ համայնքի անունից այս նախաձեռնությանը միանալու համար», - հավելել է կոնգրեսականը։

Դեյվիդ Վալադաոն ասել է, որ ցեղասպանությունը վերապրածներից շատերն ապաստան են գտել Կալիֆոռնիայում, եւ այսօր նրանց զավակները ապրում են, զարգացնում եւ պահպանում են իրենց մշակութային ժառանգությունը։

«Միացյալ Նահանգները վաղուց պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը», - ասել է Վալադաոն։

«Այս բանաձեւը վկայում է, որ մենք ձեռքներս ծալած չենք նստում այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունն ամեն կերպ փորձում է աղավաղել ցեղասպանության փաստերը», - շեշտել է Ադամ Շիֆը։

Նկատենք, որ հենց այս օրերին Վաշինգտոնում է գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Ադամ Շիֆի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է քսանից ավելի պետություն, այդ թվում Կանադան, Իտալիան, Շվեդիան, Ֆրանսիան, Արգենտինան եւ Ռուսաստանը, Եվրախորհրդարանը, սակայն տասնամյակներ շարունակ պաշտոնական ճանաչում չի ստանում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG