Մատչելիության հղումներ

Օբաման եւ Էրդողանը համակարծիք են` Ասադը պետք է հեռանա


ԱՄՆ -- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (աջ) եւ Թուրքիայի վարչապետը համատեղ մամուլի ասուլիսում, 16-ը մայիսի, 2013

ԱՄՆ -- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (աջ) եւ Թուրքիայի վարչապետը համատեղ մամուլի ասուլիսում, 16-ը մայիսի, 2013

Թուրքիայի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի հինգշաբթի օրը Սպիտակ Տանը կայացած բանակցությունները շարունակվել են մոտ երեք ժամ, տեղեկացնում են թուրքական աղբյուրները:

Բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց, որ իր բանակցությունների ժամանակ քննարկված թեմաների շրջանակը բավական ընդգրկուն էր:

«Մենք քննարկում ծավալեցինք այն բոլոր ասպարեզների շուրջ, որոնցում համագործակցում ենք: Խոսքը թե Աֆղանստանի մասին է, որտեղ մեր երկու երկրների զինվորականները քաջաբար մարտնչում են: Քննարկել ենք «Մեծ քսանյակին» վերաբերող խնդիրներ: Չենք շրջանցել նաեւ Իրանի թեման, վերահաստատելով մեր այն դիրքորոշումը, որ այդ երկիրը միջուկային զենքի չպետք է տիրապետի, եւ հարկավոր է վերջ տալ սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքը խթանելուն ուղղված Իրանի քայլերին», -հայտարարեց Օբաման:

Երեկ Վաշինգտոնում ծավալված քննարկումների առանցքային թեման, սակայն, Սիրիայում ստեղծված կացությունն էր: Այստեղ Անկարան եւ Վաշինգտոնը տարաձայնությունները չունեն: Թե Օբաման, եւ թե Էրդողանը համոզված են, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման միակ տարբերակը Բաշար Ասադի տապալումն է:

«Պետք է քայլեր ձեռնարկել [սիրիական] ընդդիմությանը քաղաքականապես ուժեղացնելու համար, պայմաններ ստեղծել, որպեսզի երկրի ներսում գործող ընդդիմությունը կարողանա պայքարել եւ պաշտպանվել Ասադի վարչակազմից: Եվ մենք շարունակելու ենք խրախուսել միջազգային հանրության հավաքական ջանքերը, որպեսզի Ասադի վրա ավելի մեծ ճնշում գործադրվի, եւ նա հասկանա, որ այլեւս լեգիտիմ չէ եւ պետք է հեռանա: Հարկավոր է հասնել քաղաքական մի այնպիսի փոփոխության, երբ Սիրայի պետական կառույցները կշարունակեն գործել, սակայն կլինի երկրում ապրող տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներից կազմված մի մարմին, որն ի վիճակի կլինի խաղաղություն եւ ժողովրդավարություն բերել Սիրիայի ժողովրդին», - նշել է Օբաման:

Թուրքիայի վարչապետի խոսքով էլ` թուրքական դիվանագիտությունը շարունակելու է աշխատել` Ասադին իշխանությունից հեռացնելու համար:

«Մեր նպատակն է որպեսզի Սիրիայում բռնապետությանը փոխարինելու գա ժողովրդավարությունը: Կարծում եմ, որ սա բոլոր այն պետությունների կոլեկտիվ պատասխանատվության հարցն է, որոնք հավատում են ժողովրդավարական արժեքներին», - պնդում էր Էրդողանը:

Խոսելով սիրիական խնդրի մասին` Բարաք Օբաման անդրադարձավ նաեւ քիմիական զենքի կիրառման մասին պարբերաբար շրջանառվող լուրերին. - «Քիմիական զենքի օգտագործումը դուրս է թույլատրելիի բոլոր սահմաններից: Այս հարցում քաղաքակիրթ ողջ աշխարհը նույն տեսակետին է հակված», - ասել է ԱՄՆ նախագահը:

Խոսելով երկկողմ թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին` Օբաման հատուկ ընդգծեց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի աննախադեպ խորացումը. վերջին չորս տարիներին Միացյալ Նահանգներից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալը կրկնապատկվել է:

«Մենք շարունակելու ենք խթանել թե առեւտրային կապերի զարգացումը, թե ներդրումների աճը», - ասել է Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG