Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. ԱՄՀ-ն եւս պատասխանատու է


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան, արխիվ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատասխանատվություն է կրում այսօր երկրում ստեղծված իրավիճակի համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով հիմնադրամի ներկայացուցիչների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր գնահատականներին:

Օրերս ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան համատեղ հայտարարություն էին տարածել` հորդորելով Հայաստանի իշխանություններին վճռական եւ արմատական բարեփոխումներ իրականացնել: Հիմնադրամը ընդգծել էր, որ դեռեւս համատարած են այնպիսի իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար:

«Հայ աշխատավորները, կառավարիչները, ուսանողներն ու թոշակառուները՝ բոլոր հայերը, պետք է գիտակցեն, որ խաղի կանոնները անաչառ են, բաց եւ նպատակաուղված են ապահովել լավագույն լուծումներ շարքային հայերի համար. նրանք պետք է կարողանան հավատալ, որ պետությունը գործընկեր է, այլ ոչ թե հակառակորդ կամ ամրագրված շահագրգիռ կողմերի շահերի պաշտպան: Քանի դեռ չկան վճռական քաղաքականություն եւ պատշաճ շարժառիթներ ռիսկ ստանձնելու համար, չեն լինի բավարար ներդրումներ, աշխատատեղեր կամ հույս Հայաստանի ապագայի նկատմամբ», - ասված էր հայտարարության մեջ:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է, թե հիմնադրամի կողմից մատնանշված խնդիրները արտացոլում են իրականությունը, բայց հարց է, թե ինչու է ԱՄՀ-ն այդ մասին խոսում հիմա:

«Դիտողությունները տեղին են, իրավաչափ, մնում է միայն դժգոհել, թե ի՞նչ էր անում ԱՄՀ-ն վերջին հինգ տարիներին: Չէ՞ որ ավելի շատ գովում էր, քան թե փնովում: Ցանկալի կլիներ, որ նրանք ի սկզբանե սա նկատեին եւ փորձեին ազդել` թույլ չտալու իրավիճակի վատացում: Դա չի արվել: Այդ նույն մարդիկ` Մարկ Հորթոնը եւ Գիերմո Տոլոսան, պատասխանատվություն են կրում այս վիճակի համար: Ժամանակին չեն արել, ավելին` երբեմն դրական ուղերձներ են հղել հանրությանը: Հանկարծ նրանց աչքերը բացվե՞ց», - իր տարակուսանքը հայտնեց Բագրատյանը:

Անդրադառնալով հիմնադրամի այն դիտարկմանը, թե որոշակի շրջանակներ Հայաստանում արտոնյալ շուկայական պայմաններ ունեն, Բագրատյանը նկատեց, որ վերջին 5 տարիների ընթացքում փոփոխություն է եղել. եթե 5 տարի առաջ պետությունը հստակ սպասարկում էր օլիգարխներին, ապա հիմա հայտնվել է մի նոր շերտ` բարձրաստիճան պաշտոնյաները, եւ արտոնյալներ ասելով ԱՄՀ-ն նկատի ունի հենց կառավարության անդամներին:

«Բարձրաստիճան պաշտոնյաները շատ կաշառք են վերցնում. նույնիսկ բիզնես էլ չեն դնում, կաշառք են վերցնում, հետո այս կամ այն մեխանիզմով տանում են դուրս: Գիտենք, որ «ատկատները» ահռելի մասշտաբների են հասել: Բերեմ կենսաթոշակային ֆոնդի օրինակը. Կենսաթոշակային հիմնադրամ բացելու համար պետք է 500 միլիոն դրամ կամ մեկ միլիոն եվրո: Մենք ասացինք` լսեք, այլ երկրներում 200 հազար եվրոյով են սկսում, ինչո՞ւ ենք մենք 1 միլիոնով սկսում: Մենք ավելի աղքատ երկիր ենք: Ուկրաինան մեզնից 20 անգամ մեծ պետություն է, կես միլիոն եվրոյով է սկսում դա: Ինչո՞ւ ենք մենք միանգամից սկսում խոշորը, արդեն գիտե՞ք, որ միայն 1-2-ը կարող են այդ պայմաններին բավարարել: Այսինքն` անելով այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումը, ստեղծեցինք մի մեծ կոռուպցիոն երեւույթ, եւ երեւույթի հետեւում անպայման կանգնած են կենսաթոշակային բարեփոխումները անողները, ունեն փայ, անձնական շահագրգռվածություն: Արտոնյալները կառավարության անդամներն են: Նրանք թաղվել են այս գործի մեջ, եւ իրենց թաղվածությունը անվանում են բարեփոխում», - պնդեց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանն ասում է, թե անշուշտ ինքը բազմիցս խոսել է, որ այսպես շարունակելու դեպքում երկիրը ապագա չի ունենալու, վառ ապացույցը սահմանին տեղի ունեցող պատկերն է, երբ մարդիկ շարասյուներով լքում են երկիրը: Ամեն դեպքում նախկին վարչապետին զարմացրել է, որ Հայաստանի ապագայի հանդեպ հույսի բացակայության մասին բաց տեքստով խոսում է նաեւ ԱՄՀ-ն:

«Ինչո՞ւ մենք պիտի այսպիսի կառավարություն ունենանք, ինչո՞ւ ընդհանրապես ազդելու ձեւ չկա… Մենք ենք մեղավոր: Երբ հասնում ենք այն հարցին` հայրենի՞ք, թե՞ 5000 դրամ կաշառք, կաշառքն են վերցնում, խոսքը որակական մեծամասնության մասին է», - ասաց Բագրատյանը:

Նախկին վարչապետը չի կարծում, թե ԱՄՀ-ի այս կոշտ հայտարարությունից հետո կառավարությունը կգնա վճռական փոփոխությունների: Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անի հիմնադրամը, Բագրատյանն ասաց, թե նախ եւ առաջ ԱՄՀ-ն պետք է մի փոքր էլ հասարակության հետ աշխատի, իսկ իրավիճակի փոփոխության համար նախկին վարչապետը մատնացույց է անում հետեւյալ խնդիրները. - «Ես ուզում եմ հարցնել` ինչո՞ւ է Կենտրոնական բանկը բանկային վերահսկողությամբ զբաղվում, ինչո՞ւ չի արգելվում, դա կոռուպցիա է: Ինչո՞ւ ԱՄՀ-ն չի պահանջում, որպեսզի կենսաթոշակային կուտակումները ֆոնդերի կապիտալը իջեցվի 500 միլիոնից 100 միլիոնի, որպեսզի ենթադրենք, մեր պետական համալսարանը ունենա իր հիմնադրամը եւ իր աշխատատեղը ստեղծի, ինչո՞ւ պետք է տալ ինչ-որ մաֆիոզի: Ես կուզենայի տեսնել փոփոխություն օֆշորների վերաբերյալ, ինչո՞ւ չի արգելվում: Ինչո՞ւ ԱՄՆ-ում հնարավոր չի աշխատել, այստեղ հնարավոր է, ես կուզենայի իմանալ ինչո՞ւ կառավարությունը չի հայտարարում մրցույթ 40 ավիաթռիչքների վերաբերյալ, եւ կարծում եմ, որ առնվազն երկու ազգային ավիաընկերություն պետք է աշխատի: Ինչո՞ւ կառավարությունը չի ֆիքսում ավիանավթի գինը, ինչպես ասենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ֆիքսում է էլեկտրաէներգիայի եւ գազի գները. դե, այդտեղ մենք ունենք մոնոպոլ շուկա: Ուզում ենք աշխուժացնել տնտեսությունը, խնդրեմ, 5 քայլ` ինձ պետք է 5 րոպե եւ ոչ մի օրենք էլ պետք չէ փոխել»:
XS
SM
MD
LG