Մատչելիության հղումներ

Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Երեկ, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության, Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն եւ Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ ծածանվելու են Ֆրանսիայի, Եվրախորհրդի եւ Հայաստանի դրոշները:

Ելույթ ունենալով դրոշի բարձրացման արարողությանը՝ Հայաստանի արտգործնախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ասել է. - «800 միլիոն եվրոպացիների համար Ստրասբուրգը՝ Եվրոպայի խորհրդի նստավայրը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խորհրդանիշ է։ Իր մշակութային եւ ճարտարապետական ժառանգության բազմազանությամբ Ստրասբուրգն ինքնին մարմնավորում է եվրոպական բազմազանությունը: Հայաստանի նախագահությունը հնարավորություն կընձեռի ստրասբուրգցիներին ծանոթանալու Հայաստանին եւ հայ մշակույթին՝ շնորհիվ այն միջոցառումների, որոնք մենք նախատեսում ենք համատեղ կազմակերպել Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ»:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, եզրափակելով խոսքը` Նալբանդյանը նշել է, որ ժողովուրդների եւ պետությունների պատմության մեջ կան պահեր, որոնք ընդմիշտ մնում են բազում սերունդների հիշողության մեջ, եւ 2013 թվականի մայիսի 16-ը կդառնա Հայաստանի համար այդպիսիներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG