Մատչելիության հղումներ

Թիվ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը ներգրավվել է որպես մեղադրյալ


Արխիվ -- Երեւանի ավագանու ընտրությունները, 5-ը մայիսի, 2013թ.
Արխիվ -- Երեւանի ավագանու ընտրությունները, 5-ը մայիսի, 2013թ.
Երեւանի ավագանու ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը կասկածվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանին միանգամից երեք ծրար եւ երեք քվեաթերթիկ տրամադրելու մեջ՝ մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ.Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG