Մատչելիության հղումներ

Մարվել է «Սպայկա» ընկերութունում բռնկած հրդեհը


Երեկ կեսգիշերին մոտ «Սպայկա» ընկերության սառնարանային պահեստներում բռնկված հրդեհը հաջողվել մարել միայն այսօր 14.30-ին:

Դեպքի վայրում աշխատում էին 26 հատուկ մեքենա, 114 փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքները հսկում էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ԱԻՆ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանն ասաց, որ հրդեհը մարելը այդքան երկար է տեւել, որովհետեւ ներսում դյուրավառ նյութեր են եղել` ներկանյութեր, պլաստիկ տարաներ եւ այլն: Ընկերության ներկայացուցիչը հավելեց, որ պատրաստվում էին ծիրանի մթերմանը ու ներսում բազմաթիվ փայտե եւ պլատիկ արկղեր են եղել:

Հրշեջները նշեցին, որ այս ծավալի հրդեհներ հաճախ չեն պատահում, իսկ շենքի կառուցվածքը բարդացրել է հրդեհաշիջման աշխատանքները, քանի որ չեն կարողացել աշխատել շենքի ներսում:

Պահեստի ներսում ոչ ոք չի եղել, զոհեր եւ վիրավորներ չկան:

Շենքի ներսում հիմնակնում սառնարաններ են եղել: «Սպայկա» ընկերությունը զբաղվում է գյուղմթերքի մթերմամբ, սառեցմամբ եւ արտահանմամբ «Արարատ ֆրուտ» ապրանքանիշով: Դեպքի վայր ժամանած գյուղատնետեսության նախարար Սերգո Կարապետյանը ասաց, որ «Սպայկա»-ն արտահանումներ իրականացնող խոշոր կառույց է եւ չհերքեց, որ հրդեհը ու ընկերության տեխնիկայի ոչնչացումը մտահոգվելու առիթ են տալիս:

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչը ասաց, որ ծավալներով իրենց ընկերությունը ամենամեծն ու տեխնիկապես ամենահագեցածն էր տարածաշրջանում: Նշեց նաեւ, որ սառնարանային համալիրը ապահովագրված էր` չմասնավորեցնելով, թե որ ընկերության կողմից:

Վնասի չափը դեռեւս հայտնի չէ, բայց խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղնախարարին հանձնարել է տարածքներ հատկացնել ընկերությանը, որպեսզի սեզոնային մթերումները չտուժեն:
XS
SM
MD
LG