Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը տարեկան հաշվետվության առաջարկ է անում պաշտպանության նախարարին


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկում է հնարավոր ձեւաչափով Ազգային ժողով ներկայացնել տարեկան հաշվետվություն Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացության դեպքերի առաջացման պատճառների, կանոնադրային հարաբերությունների խախտումների, խեղումների, բժշկական ծառայության տրամադրման վիճակի, նախարարության կողմից իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների եւ դրանց արդյունքների մասին: Այդ մասին ասված է օմբուդսմենի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` գոյություն ունեցող մտահոգությունների եւ առաջարկների ուղղությամբ պետք է արմատական փոփոխություններ կատարել:

Օմբուդսմենը ցավակցություն եւ զորակցություն է հայտնում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում երեկ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած զինծառայողի ընտանիքին եւ հույս հայտնում վիրավորված զինծառայողի ապաքինման հարցում: «Ակնկալում ենք, որ Զինվորական դատախազությունը կապահովի այս դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը, իսկ դատարանները, պահպանելով օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը, մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի համար կստեղծեն գործի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ», - ասված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաեւ, որ դեպքի կապակցությամբ ձեռնարկված եւ ձեռնարկվող միջոցների մասին պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է ուղարկվել պաշտպանության նախարարին, իսկ օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կայցելեն վիրավորված զինծառայողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG