Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյանը համարում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը ընդդիմություն չի համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ-ի ընդդիմադիր լինել-չլինելու մասին հարցերին Դեմիրճյանն արձագանքեց. - «ԲՀԿ-ն եթե չի հայտարարել, որ ընդդիմություն է, դուք ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս»:

Երկու օր առաջ Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողության ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, այդուհանդերձ, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է` հավելելով. - «Ես կարծում եմ, որ մեր որակումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները»:

ՀԱԿԿ-ի դաշնակից ՀԺԿ-ի նախագահն այսօր ասաց, թե չի մեկնաբանի Կոնգրեսից հնչող մեկնաբանությունները, ասաց, որ ՀԺԿ-ն ունի իր տեսակետը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցության հարցին` Դեմիրճյանը նշեց. - «ԲՀԿ-ի հետ համագործակցություն կարող է լինել եւ, ըստ էության, կա Ազգային ժողովում: Սակայն ավելի խորը համագործակցության մասին խոսք կարող է լինել այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն»:

Դեմիրճյանն այսօր նաեւ ձեւակերպեց ԲՀԿ-ն իշխանությունից պոկելու` Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի վերաբերյալ ՀԺԿ-ի տեսակետը. - «Ժամանակին ասել ենք, որ չի կարելի գործունեությունը պայմանավորել իշխանական ուժերի մեջ եղած տարաձայնություններով, որոնք կարող են մի օր լինել, մի օր չլինել»:

Երկրում, նրա ձեւակերպմամբ` գաղջ մթնոլորտ է, որը կարելի է փոխել միայն ընտրությունների միջոցով:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում փոխել իրավիճակը, եթե առաջիկա չորս տարիներին համապետական ընտրություններ չեն սպասվում, Դեմիրճյանն անձագանքեց. - «Նոր լիցք պետք է հաղորդի իր գործունեությանը»:

Այս առումով ՀԺԿ ղեկավարը հրատապ է համարում ընդդիմության միավորումը: Նրա գնահատմամբ` շատ ճիշտ տարբերակ էր Երեւանի ավագանում ընտրություններին միասնական մասնակցությունը, ինչը,ցավոք, տեղի չունեցավ. - «Իրապես նորմալ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով պետք է ձեւավորվի իշխանությունը: Դա չի արվում: Եվ քանի դա չի արվում, մեր վիճակը չի փոխվի»:

Ընդդիմության միավորման կողմնակից ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել թե' նորաստեղ ՀԱԿ կուսակցության, թե' ՀԱԿ դաշինքի հետ, որը, հիշեցնենք, կարող է դառնալ ՀԱԿԿ-ի հետ անհամաձայնություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունների միավորումը դառնալ:

Հարցին, թե արդյոք ՀԺԿ-ն կանդամակցի այդ հնարավոր միավորմանը, Դեմիրճյանն արձագանքեց. - «Ժամանակը ցույց կտա»:
XS
SM
MD
LG