Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 16-ի մամուլ


«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն` տեւական ժամանակ ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որեւէ խոսք չասելով եւ ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ` հակիրճ հայտարարությամբ: Ծառուկյանը դա արեց` ապացուցելով, որ ի հեճուկս իր` ապաքաղաքական լինելու մասին գնահատականների, ինքը շատ ավելի ողջամիտ ու հաշվարկող քաղաքական գործիչ է, քան քաղաքական ռահվիրա համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ծառուկյանը երբեք չէր հայտարարել, որ պատրաստվում է ընդդիմադիր դառնալ կամ կազմաքանդել ավազակապետությունը: Դա հայտարարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` վերջին բոլոր ընտրություններից առաջ եւ հետո: Այդ ընթացքում, գուցե նաեւ դրա շնորհիվ, Գագիկ Ծառուկյանը կարողացավ սեփական կուսակցությունը դարձնել խորհրդարանում ներկայացված երկրորդ խմբակցությունը, զբաղեցնել երկրորդ տեղը Երեւանի ավագանու ընտրություններում` դա խորհրդանշելով` սեփական եկեղեցու բացման արարողությանը, ինչպես ինքը հայտարարեց, բոլորին միավորելով ու համախմբելով: Գաղափարական, սկզբունքային քաղաքականության տեսանկյունից գուցե Գագիկ Ծառուկյանի գործունեությունն այնքան էլ ազնիվ չէ: Սակայն, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել, արժեքները, սկզբունքները ու քաղաքականությունը միանգամայն տարբեր կատեգորիաներ են, եւ ինքը «բացարձակ պրագմատիզմի» կողմնակիցն է»:

«Ժամանակ»-ի թղթակիցը պատգամավոր Արարած Ախոյանին (ԲՀԿ) հարցնում է. - «Լեւոն Զուրաբյանն ասում է, որ սխալ է հասկացվել, իրականում ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Հնարավո՞ր է` Գագիկ Ծառուկյանը սխալվել է` հայտարարելով, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել»: Պատասխան. - «Գագիկ Ծառուկյանը չի կարող սխալ հասկանալ: Պարոն Ծառուկյանի ամեն մի խոսք կշիռ ունի, նենց որ` ընդունեք այնպես, ինչպես որ ինքն ասել է: Եթե պարոն Ծառուկյանը ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի կարող դառնալ, ուրեմն ես չեմ կարող պարոն Ծառուկյանի ասածը հիմք չընդունել ու մեկնաբանել պարոն Զուրաբյանի ասածը: Երեւի թե շատ ցանկալի կլիներ շատ-շատերի համար, որ ԲՀԿ-ին տեսնեին ընդդիմադիր դաշտում, բայց ինչպես հայտարարել ենք` մենք այլընտրանք ենք եւ մնալու ենք հարազատ մեր որոշմանը, որովհետեւ այլ որոշում դեռ չունենք»:

«Հայոց Աշխարհ»-ը ՀՀՇ-ի վերակազմավորման վերաբերյալ զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Նոր ՀՀՇ ասվածը ենթադրում է նաեւ գաղափարախոսությա՞ն փոփոխություն»։ Պատասխան. - «Ոչ, գործելակերպի: Ուզում ենք, որ նորը չունենա լիդեր, որ գերիշխի կոլեկտիվ միտքը, ուզում ենք, որ կուսակցությունը ոչ թե պահվի մեկի կամ երկուսի փողերով, այլ կուսակցության անդամների անդամավճարներով, բոլորն իրենց զգան կուսակցության հավասար տերը, իսկ դա հիմքեր կստեղծի ներկուսակցական իրական մրցակցության: Հիմա՝ հնչած պիտակների մասին: Եթե «գեղի կլուբ» բառի տակ հասկացվում է, որ այդ տարիներին ՀՀՇ-ն բավական պասիվ մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական գործընթացներին, ապա ես դրա հետ համաձայն եմ: Ի դեպ, դրա մեջ մեղքի մի մեծ բաժին ունի Տեր-Պետրոսյանը, որն իրեն մատնեց լռության ու լռեց 10 տարի»:

«Գազի գնի բարձրացումն ամբողջովին քաղաքական որոշում էր»,- Aravot.am-ի հետ զրույցում գազի թանկացման մասին այսպիսի գնահատական է տվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա մեկնաբանությամբ՝ «Ամբողջ գործընթացն էր քաղաքական, որովհետեւ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները, որոնք անընդհատ իշխանությունները հերքում էին, գրեթե 1 տարվա պատմություն ունեն: Մինչեւ այդ, միշտ թանկացումները եղել են ապրիլին՝ հայտարարությունները, հայտերը եւ այլն: Այս անգամ թողեցին՝ մինչեւ մայիսի քաղաքապետի ընտրություններն էլ անցնեն, նոր, որպեսզի ընտրակաշառքները շատ լավ, տեղը տեղին մարդիկ վերցնեին եւ չիմանային, որ երկու օր հետո այնպիսի գնաճ է սպասվում իրենց, որ իրենց պետք է 10 հազար դոլար տային, որ այս ամիսներին գոյատեւեն, ոչ թե 10 հազար դրամ»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երբ հայտնի դարձավ, որ գազը թանկանալու է, շատերի քննարկման թեման հետեւյալն է. արդյոք ժողովուրդը կդիմի սոցիալական բունտի, թե ոչ: Մինչդեռ այս քննարկումը իրականում ժամանակավրեպ է, քանի որ Հայաստանում սոցիալական բունտը արդեն մեկնարկել է: Արդեն մի քանի շաբաթ է, բունտ են անում տարբեր գյուղերի բնակիչներ` ոմանք իրենց գյուղում կառուցվող ՀԷԿ-երի գործունեության հետեւանքով ջրից զրկվելու համար, մյուսները ցրտահարության եւ կարկտահարության հետեւանքով ոչնչացած բերքի համարժեք փոխհատուցման համար: Խողովակներ են ձորը շպրտում, մայրուղիներ են փակում, սպառնում են գույք ոչնչացնել եւ այլն»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG