Մատչելիության հղումներ

Երեկ ժամը 23:58 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն`նախ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան:

Դեպքի վայր են մեկնել եւս չորս մարտական հաշվարկ, այնուհետեւ` գազածխապաշտպան ծառայության օղակը, Հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչեւ առավոտ դեպքի վայր են մեկնել եւս յոթ մարտական հաշվարկ, երեք ավտոսանդուղք, Հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը, «Նաիրիտ» ընկերության պահպանության հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ` փրփրահեղուկով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Ոստիկանության` «1-02», Շտապ բուժօգնության` «1-03», էլցանցի եւ Ճանապարհային ոստիկանության հերթապահները:

Տուժածներ չկան:

Այսօր առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված նախնական տվյալներով, այրվում է եռահարկ շինությունն ամբողջությամբ` 4 հազար 500 քառակուսի մետր մակերեսով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ընդհանուր թվով 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG