Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարին


Էդվարդ Նալբանդյանի եւ Թորբյորն Յագլանդի համատեղ ասուլիսը Երեւանում, 17-ը ապրիլի, 2013թ.

Էդվարդ Նալբանդյանի եւ Թորբյորն Յագլանդի համատեղ ասուլիսը Երեւանում, 17-ը ապրիլի, 2013թ.

Այսօր Ստրասբուրգ ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը ուղեւորվել է Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում է ունեցել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Յագլանդը նշել է, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է, եւ կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարեւոր միջոցառումներ են նախատեսված, ինչի մասին նա համոզվել է ապրիլին Երեւան կատարած այցելության ժամանակ։

Նալբանդյանը ասել է, որ Եվրախորհրդին անդամակցությունից 12 տարի անց նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաեւ՝ պատասխանատվություն։ Հնարավորություն, որովհետեւ Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ-ի անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետեւ եվրոպական աշխարհամասը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը, եւ պատասխանատվություն, քանի որ ԵԽ-ի հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլեւ այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։

«Հայաստանի նախագահության ընթացքում մեր լիակատար աջակցությունն ենք բերելու Եվրախորհրդում նախաձեռնված բարեփոխումների գործընթացին։ Նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, անդամ երկրների խորհրդարանների, սահմանադրական դատարանների եւ խորհուրդների, տարածքային ինքնակառավարման մարմինների մակարդակներով, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են միջմշակութային, միջկրոնական երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խտրականության, անհանդուրժողականության, այլատյացության դեմ պայքարին», - շեշտել է Նալբանդյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրախորհրդի օրակարգային մի շարք հարցերի, մայիսի 17-ին Կրակովում կայանալիք Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելիք հարցերին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG