Մատչելիության հղումներ

Վաղվանից Հայաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Այդ առիթով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնում է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրախորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջի, Հայաստանը նախարարների կոմիտեն կգլխավորի 6 ամիս։ Նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետեւ՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:

Հայաստանը առաջին անգամ է գլխավորելու այս կառույցը: Եվրախորհրդի պաշտոնական էջում զետեղված փաստաթղթում սահմանված են այն առաջնահերթությունները, որոնցով պետք է շարժվի մեր երկիրը նախագահության շրջանում: Մասնավորապես, ըստ փաստաթղթի, Հայաստանը պետք է ծառայի «Եվրոպայում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման համընդհանուր նպատակին»: Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հետագա ամրապնդման եւ օրենքի գերակայության բնագավառներում Եվրախորհրդի անդամ երկրների առջեւ ծառացած մարտահրավերները՝ Հայաստանը, ըստ փաստաթղթի, պետք է նպաստի այդ երկրներում Եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ջանքեր գործադրի ժողովրդավարական հասարակության ձեւավորումը խթանելու, ինչպես նաեւ Եվրոպայում ռասիզմի եւ քսենոֆոբիայի երեւույթների դեմ պայքարելու համար: Իր նախագահության ժամանակահատվածում Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի անհապաղ լուծում պահանջող խնդիրներին:

Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդի պաշտոնյաների հետ հանդիպումներում մշտապես համոզմունք են հայտնում, որ Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց արդյունքը համապատասխան գնահատականի է արժանացել բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներում եւ վարկանիշային աղյուսակներում:

Հայաստանի իշխող եւ ընդդիմադիր ուժերը տրամագծորեն հակառակ կարծիքներ են հայտնում այն հարցի շուրջ, թե որքանով է մեր երկիրը լուծել իր ներքին խնդիրները եւ որքանով է պատրաստ նպաստել Եվրոպական երկրներում ժողովրդավարության ամրապնդմանը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն նախկինում գլխավորած մի շարք երկրներ Հայաստանից շատ ավելի հետ են եղել։

«Եթե մենք, օրինակ, վերցնենք ե՛ւ ժողովրդավարության, ե՛ւ մամուլի ազատության, ե՛ւ խոսքի ազատության, մարդու իրավունքների բնագավառները, ապա մենք մի քանի քայլով շատերից, իսկապես, առաջ ենք: Առաջընթաց արձանագրել ենք բոլոր ոլորտներում: Ժողովրդավարության առումով, թերեւս, ամենաճիշտ գնահատականը մշտապես տվել են, կամ տալիս են ընտրական գործընթացները: Վերջին երեք խոշոր ընտրությունները` ե՛ւ Ազգային ժողովի ընտրությունները, ե՛ւ նախագահական ընտրությունները, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրությունները ժողովրդավարության առումով բավականին կայացած էին: Նախագահ Սերժ Սարգսյանը թիմին խստագույնս հորդորել էր արջի ծառայություններ չմատուցել, որ այս ընտրությունները պետք է անցնեին ամենաբարձր մակարդակով: Եվ մենք տեսանք, որ քաղաքական կամքը կար եւ կարողացանք իսկապես կազմակերպել նորմալ ընտրություններ»:

Հիշեցնենք, ընդդիմությունը այս ընտրությունները որակել է «սեփական իշխանություն ընտրելու ժողովրդի իրավունքի «խայտառակ» ոտնահարում»:

Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասով Հովհաննես Սահակյանը նաեւ նշեց, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Դիտարկմանը, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին համարում է քաղբանտարկյալ, ՀՀԿ ներկայացուցիչը հակադարձեց. – «Որքանով ես տեղյակ եմ, Տիգրան Առաքելյանը ոստիկանի հետ պիտբուլի ինչ-որ խնդրով… Չեմ կարծում, որ սա այն լուրջ թեման է, որ կարելի է քաղբանտարկյալ անվանել, սրանով մի տեսակ փոքրացնում ենք մի շարք այն քաղբանտարկյալների անցած ճանապարհը, կենսագրությունը, ովքեր հանուն մեր երկրի, հանուն մեր պետության, մեր անկախության, մեր ազատության պայքարել են»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը հիշեցնում է, որ Առաքելյանի եւ մյուս ակտիվիստների հետապնդումը քաղաքական է որակել նույն Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, որի նախագահությունը պետք է ստանձնի Հայաստանը. – «Նման վերնագրով անգամ փաստաթուղթ կա, որը կազմվել է ի պատասխան իմ նամակին` Տիգրան Առաքելյանի եւ մեր երեք այլ ակտիվիստների վերաբերյալ: Նրանք, ըստ էության, որակվել են նախարարների կոմիտեի կողմից որպես քաղաքական բանտարկյալներ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, – «Հայաստանը Եվրոպայի խորհրդի այն, երեւի, ամենավատ 3-4 երկրներից է, որ բացարձակապես չի կատարում իր պարտականությունները դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների բնագավառում: Հայաստանը երբեք չէր կարողանա Եվրախորհրդում ստանալ նախագահության իրավունք, եթե դա սահմանված չլիներ այբբենական կարգով։ Այսինքն այբուբենի հաջորդականությամբ երկրները ստանձնում են այդ պարտականությունները, եւ այնպես է ստացվում, որ ամենադիկտատորական երկրները Եվրոպայի խորհրդի իրենց վրա ստանձնում են պարտավորություն` հզորացնել դեմոկրատական հասարակությունները ամբողջ Եվրոպայում: Սա մի աբսուրդ է, որին ականատես մենք կդառնանք, երբ Հայաստանը դառնա նախագահող: Ճիշտ համարենք, թե չհամարենք, դա է ընդունված կարգը Եվրոպայի խորհրդում, եւ եթե Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է, ուրեմն նա ունի նաեւ նախագահելու այդ իրավունքը: Այլ բան է, որ եթե Եվրոպայի խորհուրդը ավելի սկզբունքային լիներ, վաղուց պետք է կասեցներ Հայաստանի պատվիրակության իրավասությունները, որովհետեւ Հայաստանը որեւէ պարամետրով չի համապատասխանում դեմոկրատական երկրի չափանիշներին»:

Լեւոն Զուրաբյանը այս գործընթացում մի առավելություն էր տեսնում, դա այն է, որ լինելով Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն այդ ժամանակահատվածում ավելի լուրջ ուշադրություն դարձնել երկրի ներսում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերին:
XS
SM
MD
LG