Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ չորեքշաբթի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է Հայաստանում կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր 17 հազար հա ցանքատարածություն: Ստեղծված համայնքային հանձնաժողովներն այժմ ուսումնասիրություններ են իրականացնում՝ ճշտելու պատճառված վնասի չափը:

Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս են կրել խաղողի այգիները, որոշ չափով պտղատու այգիները: Սերգո Կարապետյանի խոսքով՝ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներին պատճառված վնասը հնարավոր է վերականգնել՝ իրականացնելով կրկնակի ցանքս: Այդ նպատակով գույքագրվել են հանրապետությունում եղած սերմնատեսակները, սածիլները, որոնք կտրամադրվեն գյուղացիներին, իսկ սերմնացուի մի մասը հնարավոր է ներկրվի արտերկրից:
Գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաեւ պարարտանյութով եւ դիզվառելիքով:

«Օգնությունը պետք է լինի առարկայական եւ տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին», - ամփոփելով խորհրդակցությունը՝ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի հանձնարարությամբ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը եւ կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG