Մատչելիության հղումներ

logo-print

Վերջրես ստեղծված Համահայկական բնապահպանական ճակատը կոչ է անում դադարեցնել Հայաստանի տարբեր վայրերում գտնվող բազալտե սյուների վրա ժայռամագլցումը, քանի որ դա վնաս է հասցնում բնական այդ կառույցներին:

Այդպիսին են Կոտայքի մարզում գտնվող «Քարերի սիմֆոնիայի» մաս կազմող «Բազալտե երգեհոն» սյունաձեւ բազալտները: Դրանք կառավարության որոշմամբ ճանաչվել են ՀՀ բնության հուշարձաններ: Իսկ ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի` բնության հուշարձանները պետք է ունենան անձնագրեր, որտեղ էլ պետք է գրված լինի դրանց պահպանման ռեժիմը: «Բազալտե երգեհոնը» անձնագիր չունի:

«2008 թվականի որոշումից անմիջապես հետո, երբ այն ընդգրկվեց հուշարձանների ցանկում, պետական լիազոր մարմին ճանաչված բնապահպանության նախարարությունը պետք է կազմեր դրա անձնագիրը, դա չի արվել մինչեւ օրս, եւ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ հուշարձանը վանդալիզմի զոհ է դարձել», - ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը:

Անձնագիրը սահմանում է, թե ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել բնական հուշարձանի տարածքում: Քանի որ «Բազալտե երգեհոնը» չունի այդպիսի անձնագիր, գործողությունների որեւէ սահմանափակում դրա տարածքում չկա:

Ակտիվիստները պարբերաբար ահազանգում էին, որ հուշարձանի տարածքից քաղաքացիները քարեր են կոտրում, տանում եւ օգտագործում սեփական կարիքների համար: Սակայն պատասխանատու մարմինների արձագանք չէին ստանում: Ըստ իրավաբանի` հարկավոր է անձնագրավորել բոլոր հուշարձանները, որպեսզի օրենքով սահմանվի դրանց պահպանումը:

Up the rocks ակումբի ղեկավար Մխիթար Մխիթարյանի խոսքով` իրենց ուժերով են փորձում պահպանել հուշարձանը, - «Բնապահպանների հետ փորձելու ենք վերահսկել տարածքը, որպեսզի հուշարձանին վնասող ոչինչ տեղի չունենա», - ասաց նա:

Բնապահպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ 2008 թվականից մինչ այսօր անձնագրավորվել է 3 տասնյակ բնության հուշարձան Լոռու եւ Տավուշի մարզերում:

«Անձնագրավորումը բավականին երկար գործընթաց է եւ ժամանակային եւ ֆինանսական առումով, որովհետեւ մի քանի փուլերից է բաղկացած` քարտեզագրում, կադաստրային չափագրում, տարածքի ուսումնասիրություն եւ այլն: Միայն դրանից հետո ներկայացվում է կառավարության հաստատմանը», - ասաց բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
XS
SM
MD
LG