Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն Հայաստանից «արագության տեմպի մեծացում» է ակնկալում


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին (կենտրոնում) եւ Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային (ձախից), Երեւան, 29-ը ապրիլի, 2013թ.

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին (կենտրոնում) եւ Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային (ձախից), Երեւան, 29-ը ապրիլի, 2013թ.

Անկախությունից ի վեր Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել միմյանց հաջորդող կառավարությունների ջանքերի շնորհիվ, սակայն հարկավոր են հետագա, հավակնոտ միջոցառումներ: Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի հոդվածում, որը տարածել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելությունը:

«Վաղուց անցել են էլեկտրաէներգիայի խիստ պակասուրդի, բարձր գնաճի եւ շարունակական տնտեսական անկման օրերը: Ետեւում են մնացել այն օրերը, երբ հայերը չէին կարող գտնել խանութներում այն, ինչ անհրաժեշտ էր, կամ երբ նրանք կորցնում էին իրենց խնայողությունները բանկերում», - գրում են ԱՄՀ-ի պաշտոնյաները` շարունակելով. - «Անցել են նաեւ այն օրերը, երբ ոմանք մտածում էին, որ համաշխարհային ճգնաժամը տարիների վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը: Հիմա նոր կառավարությունը ժառանգում է աճող տնտեսություն, որն ապահովում է ավելի լավ վարձատրվող աշխատատեղեր, ավելի լավ ենթակառուցվածք եւ կայուն գներ, ժառանգում է մի երկիր՝ բազմազան արտադրատեսակներով եւ տարաբնույթ ծառայություններով եւ խնայողությունների եւ փոխառությունների համար կայուն ֆինանսական համակարգով»:

«Այդուհանդերձ, նոր կառավարությունը կբախվի նաեւ լուրջ մարտահրավերների` պայմանավորված դեռեւս չափազանց բարձր գործազրկությամբ, աղքատությամբ եւ արտագաղթով», - ընդգծում են Մարկ Հորթոնը եւ Գիերմո Տոլոսան:

Նշելով, որ «հայերը հայտնի են որպես լավ կրթված եւ ձեռներեց ժողովուրդ, որոնք շատ լավ են դրսեւորել իրենց այն երկրներում, ուր արտագաղթել են», հոդվածի հեղինակները հավելում են. - «Այս հաջողությունը արտասահմանում առաջացնում է առանցքային մի հարց. ի՞նչ կարելի է ավելի լավ անել երկրի ներսում, որպեսզի ավելի մեծ թվով հայեր մեծ հաջողությունների հասնեն հենց Հայաստանում»:

«Հայաստանի մեկուսացված աշխարհագրական դիրքը լուրջ արգելք է, հատկապես` ներքին շուկայի փոքր լինելու պայմաններում: Այս արգելքի վերացումը պետք է առաջնահերթ լինի: Աշխարհագրությունը փոխել հնարավոր չէ, սակայն կարելի է մեղմել դրա ազդեցությունը», - ընդգծում են ԱՄՀ-ի պաշտոնյաները` մանրամասնելով. - «Հայաստանի մեկուսացումը պահանջում է կիրառել ավելի լավ քաղաքականություն, որի անքակտելի մասն են կազմում ազատ առեւտրի համաձայնագրերը, ենթակառուցվածքի վերազինումը, ավիացիայի համակարգի բարեփոխումը եւ հարեւանների հետ կապերի ստեղծմանն ուղղված հետագա դիվանագիտական ջանքերը»:
«Հայաստանը երկար ճանապարհ է անցել, իրականացնելով հաջողության հասած այլ անցումային երկրներում կիրառված բարեփոխումները», - գրում են Մարկ Հորթոնը եւ Գիերմո Տոլոսան եւ թվարկում. - «Անարդյունավետ պետական ընկերությունները վաղուց մասնավորեցվել են, երաշխավորելով ավելի լավ ծառայություններ եւ ավելի խելամիտ գներ: Թանկ եւ անարդյունավետ սուբսիդիաները վերացվել են, եւ ներդրվել են առավել խոցելի խավերին ուղված նպատակային պաշտպանության համակարգեր: Արտաքին առեւտուրն ազատականացվել է. սպառողները հնարավորություն ունեն օգտվելու էժան եւ զանազան ապրանքներից եւ ծառայություններից, արտադրողների համար հասանելի են Հայաստանում հետագա վերամշակման եւ արտադրության համար անհրաժեշտ հումքանյութերը: Արդյունավետ կերպով իրականացվող դրամավարկային քաղաքականությունն օգնել է պահպանել գնաճի ցածր մակարդակը: Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է կայունացնել տնտեսությունը, երբ Հայաստանը պայքարում էր ցնցումների դեմ, իսկ պետական պարտքը կայուն է: Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում կապահովեն արժանապատիվ ծերություն` միաժամանակ կրճատելով կենսաթոշակային ծախսերի հետ կապված հարկաբյուջետային ռիսկերը: Նոր օրենսդրությունն օգնել է ձեւավորել աշխատող շուկայական տնտեսություն»:

Սակայն, ընդգծում են հոդվածի հեղինակները, օրակարգը այսքանով չի սպառվում. - «Հարկավոր են հետագա, հավակնոտ միջոցառումներ՝ խթանելու համար տնտեսական աճի գլխավոր շարժիչը հանդիսացող մասնավոր ներդրումները: Մասնավորապես, շատ բան է հարկավոր անել՝ պաշտպանելու համար ներդրողների`շահույթ վաստակելու արդարացի իրավունքները: Դեռեւս համատարած են այնպիսի իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար, կամ տնտեսվարող սուբյեկտները ունենում են շահույթների անարդարացի կորուստներ: Քանի դեռ չկան վճռական քաղաքականություն եւ պատշաճ շարժառիթներ ռիսկ ստանձնելու համար, չեն լինի բավարար ներդրումներ, աշխատատեղեր կամ հույս Հայաստանի ապագայի նկատմամբ»:

Բացի այդ, նշում են ԱՄՀ-ի պաշտոնյաները, պետությունը պետք է լինի ավելի արդյունավետ. - «Այն չունի բավարար միջոցներ՝ նյութապես բարելավելու համար այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, ճանապարհներն ու էներգիայի արտադրությունը: Կառավարությունը պետք է ավելին անի հարկեր հավաքելու համար. որոշակի հարկեր, օրինակ ակցիզային հարկերը, միջազգայինի համեմատ ցածր են, չափազանց ցածր է նաեւ որոշ ընկերություններից եւ ոլորտներից հավաքագրվող հարկերի մակարդակը: Կառավարությունը նաեւ պետք է անի ավելին՝ ապահովելու համար իր ծախսերի արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հասցեականությունը: Այն պետք է շարունակի նաեւ ապահովել, որ պետական միջոցները չօգտագործվեն վատ կառավարվող մասնավոր ընկերությունները փրկելու համար»:

«Նոր կառավարությունը՝ թարմ քաղաքական կապիտալով եւ հորիզոնում չունենալով ընտրություններ, պետք է գործի այս օրակարգի իրականացման ուղղությամբ: Մեր կարծիքով, աստիճանական մոտեցումն արդեն սպառել է իրեն: Եթե փոփոխությունները չլինեն արագ եւ խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն», - համոզված են Մարկ Հորթոնը եւ Գիերմո Տոլոսան, - «Արագ եւ համապարփակ իրականացված վճռական փոփոխությունները պետք է համոզեն հայերին եւ արտաքին աշխարհին, որ հասարակությունը պարգեւատրում է նրանց, ովքեր շատ են աշխատում, լայնախոհ են եւ օգտագործում են հնարավորությունները, այլ ոչ թե նրանց, ում լավագույն ակտիվը արտոնյալ կապերն են: Հայ աշխատավորները, կառավարիչները, ուսանողներն ու թոշակառուները՝ բոլոր հայերը, պետք է գիտակցեն, որ խաղի կանոնները անաչառ են, բաց եւ նպատակաուղված են ապահովել լավագույն լուծումներ շարքային հայերի համար. նրանք պետք է կարողանան հավատալ, որ պետությունը գործընկեր է, այլ ոչ թե հակառակորդ կամ ամրագրված շահագրգիռ կողմերի շահերի պաշտպան»:

Նման դրամատիկ փոփոխությունները, ըստ հոդվածի հեղինակների, «չեն իրականանում կրքոտ հռետորության արդյունքում կամ քաղաքականության դանդաղ եւ աստիճանական փոփոխությունների արդյունքում. դրանք պահանջում են արմատապես վերափոխող ռազմավարություն՝ հստակ ազդանշաններով, որ որոշ վարքագծեր այլեւս չեն հանդուրժվելու հայ հասարակությունում: Այդ փոփոխությունները կարող են ազատ արձակել հայ ժողովրդի ողջ ներուժը»:

«Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը եւ սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի», - իրենց հոդվածը ամփոփում են Մարկ Հորթոնը եւ Գիերմո Տոլոսան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG