Մատչելիության հղումներ

Թանգարանների միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին այս տարի համընկել է «Թանգարանային գիշեր» միջոցառման հետ, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին հարակից շաբաթ օրը:

Հետեւաբար առաջիկա շաբաթ օրը հայաստանյան բոլոր թանգարանները կաշխատեն մինչեւ կեսգիշեր: Թանգարանները հատուկ ծրագրեր են նախապատրաստել:

Լրագրողների հետ հանդիպմանը իրենց ծրագրերը ներկայացրին Գաֆեսճեան արվեստի կենտրոնի աշխատակիցները: Ըստ այդմ` մայիսի 18-ին արվեստի կենտրոնն աշխատելու է առավոտյան 10-ից մինչեւ կեսգիշեր, մուտքն անվճար է լինելու:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը շեշտեց, որ «Թանգարանային գիշեր» ակցիան անցկացնում են արդեն չորրորդ անգամ` ամեն տարի հյուրընկալելով շուրջ 40 հազար այցելուների:

Այդ օրը երկու նոր ցուցահանդեսներ կբացվեն, կցուցադրվեն արվեստագիտական ֆիլմեր:

«Բոլոր ցուցահանդեսներին զուգահեռ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվում են կրթական ծրագրեր», - հավելեց Սոխակյանը:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի փոխտնօրեն Աստղիկ Մեհրաբյանը մանրամասնեց. - «Երկու նոր ցուցադրությունները կներկայացնեն ընտրանի պարոն Գաֆեսճյանի հավաքածուից: Ցուցադրություններից մեկը, որը կոչվում է «Փոփ-հաղորդակցում», առաջին անգամ Հայաստանում կներկայացնի Արեւմուտքում, մասնավորապես, Ամերիկայում նախորդ դարի 50-60-ական թվականներին մեծ ճանաչում գտած փոփ-արթ շարժումը»:

Նշենք, որ Գաֆեսճեան արվեստի կենտրոնը տարեկան ունենում է ավելի քան մեկ միլիոն այցելու:
XS
SM
MD
LG