Մատչելիության հղումներ

Մայիսի 15-16-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ: Այստեղ նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախօրեին պաշտոնական այցով Փարիզում գտնվող Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի հայ - ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդամների հետ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով է հանդես եկել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության եւ այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարը իր ելույթում ներկայացրել է հայ - ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների եւ վերլուծաբանների հետ, որի ընթացքում կայացել է շահագրգիռ եւ հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG