Մատչելիության հղումներ

Թիվ 04/23-ի հանձնաժողովի անդամը եւ ընտրողը` մեղադրյալներ


Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները ընտրատեղամասերից մեկում

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները ընտրատեղամասերից մեկում

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը եւ ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:

Հայաստանի դատախազության մամուլի ծառության հաղորդագրության համաձայն` Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների օրը քաղաքացի Լ. Միրզոյանը թիվ 04/23 ընտրատեղամասում փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, նրա մոտ հայտնաբերվել է երկու ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված մեկական քվեաթերթիկ։ «Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

«Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Լ. Միրզոյանին քվեաթերթիկներ եւ ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա. Հարությունյանը», - նշում է դատախազությունը`փոխանցելով, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով` «հանցակցություն մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին», իսկ Միրզոյանին` Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ»:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է, ամենախիստը` մեկ տարվա ազատազրկումը:

Ոստիկանությունը ավելի վաղ հաղորդել էր Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների կապակցությամբ հարուցված ութ քրեական գործերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG