Մատչելիության հղումներ

Մայիսի 15-ի մամուլ


Գազի սակագնի բարձրացման «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկի կապակցությամբ «Ժողովուրդ» թերթը գրում է. - «Արդեն սկսել է ուրվագծվել Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանը», երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ապահով Հայաստանում գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ` միանգամից 64 տոկոսով` 1000 խմ գազը 132 հազար դրամի փոխարեն բնակչությանը կվաճառվի 221 հազարով: Իհարկե իշխանությունները շոուներ բեմադրելուց հետո կհամաձայնեն սակագինը բարձրացնել ոչ թե 221, այլ 220 հազար դրամով` իբր հասարակության շահերից ելնելով: Ամեն դեպքում առաջիկայում համատարած թանկացում է սպասվում: Հատկանշական է, որ այս փաստը հրապարակվեց ընտրություններից հետո, երբ առաջիկա 4 տարիներին որեւէ համապետական ընտրություն չի սպասվում: Այսինքն`իշխանությունները սպասեցին, մինչեւ քաղաքական դաշտում վերջնականապես հաստատեն լիարժեք մենաշնորհ, որից հետո հասարակության հետ վարվում են, ինչպես կամենում են»:

Թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը. - «Գազի ներքին սակագնի այսպիսի կտրուկ բարձրացումը անկասկած լուրջ հետեւանք կունենա Հայաստանի ողջ տնտեսության վրա։ Առանց այն էլ, բազմաթիվ գործոնների հետ կապված, Հայաստանի տնտեսության մրցունակությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում խիստ ցածր է։ Դա առավել քան տխուր կլինի գազի սակագների սպասվող կտրուկ թանկացման դեպքում։ Իհարկե, խնդիրը միայն գազի գների բարձրացմամբ չի սահմանափակվի։ Բազմաթիվ ոլորտներում այն կհանգեցնի ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների թանկացման։ Բնականաբար առաջին հարվածն իր վրա կընդունի էներգամատակարարման համակարգը, որտեղ եւս տեղի կունենա սակագների բարձրացում։ Հաշվի առնելով տնտեսության տարբեր ոլորտներում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներից այլ ապրանքների գների կախվածությունը, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի շղթայական գնաճային միջավայր կարող է ստեղծել։ Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետ ուղղակիորեն կապված են բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ հացամթերքների գները։ Դա չի կարող չազդել նաեւ հասարակական տրանսպորտի եւ ընդհանրապես փոխադրումների սակագների վրա։ Մանավանդ տրանսպորտային միջոցների գրեթե 80 տոկոսն աշխատում է գազով։ Սա մի հսկայական շղթա է, որը ներառում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Այն լուրջ սոցիալական հետեւանք կարող է ունենալ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ բնակչության գրեթե մեկ երրորդը աղքատ է»։

«Ժամանակ» թերթն անդրադառնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը. - «ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Այս մասին մայրենի լեզվով, այսինքն՝ հայերեն հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երեւի հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին մի ամբողջ հասարակության համոզել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է եւ ուր որ է՝ դուրս է գալու հեղափոխության, իսկ ով չի հավատում նման լուսավոր ու վարդագույն հեռանկարին՝ նա ծախված է, կաշառված եւ այլն, եւ այլն: «Բարգավաճ Հայաստանի» գործոնը միանգամայն հմտորեն խաղարկելով՝ իշխանությունները կարողացան նախ պառակտել ընդդիմադիր դաշտը, աղավաղել այստեղ մոտեցումները, սկզբունքներն ու արժեքները, որ միավորել էին բազմաթիվ մարդկանց, որոնք քաղաքական տարբեր հայացքներ ունեին, բայց դավանում էին նույն արժեքներին, իսկ հետո նաեւ այդ ամենի վրա կառուցել իրենց բացարձակ իշխանության նոր հարկերը: Ըստ որում, արդեն ոչ մի նշանակություն չունի՝ մտածված եւ համաձայնեցվա՞ծ էր այս ամենը ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հետ, թե՞ ոչ: Ի՞նչ տարբերություն: Արդյունքը արդեն միանգամայն պարզ է. հասարակությունը կանգնել է հերթական կոտրած տաշտակի առաջ, ուր նրան կամ նրա զգալի մի մասին համառորեն եւ հետեւողականորեն քշել կամ քաշել է քաղաքական ընդդիմության մի մասը: Իշխանությունները խաղարկեցին հրաշալի, կարելի է ասել՝ վիրտուոզ կամ «վերտուոզ» մի խաղ ժողովրդի գլխին, որին կամա, թե ակամա մասնակցեցին քաղաքական ուժերի եւ նրանց մունետիկների ճնշող մեծամասնությունը»:

Գագիկ Ծառուկյանի նույն հայտարարության առնչությամբ «Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Վերջ՝ պարահանդեսն ավարտված է, ֆինիտա լա կոմեդիա, բա շուտ ասեիր: Երեկ այսպես էին արձագանքում ֆեյսբուքյան ակտիվիստներն առաջնորդի հայտարարությանը: Բայց կային նաեւ այլ հարցադրումներ՝ իսկ ԲՀԿ մյուս ակտիվիստները տեղյա՞կ են եղել այս որոշման մասին: Եթե տեղյակ էին, ապա ինչպե՞ս բացատրել ավագանու ընտրությունների քարոզարշավի բոցաշունչ ճառերը: Ինչպե՞ս հասկանալ Ազգային ժողովում ԲՀԿ քվեարկություններն ու բոյկոտները: Ինչո՞վ բացատրել հենց իր՝ Ծառուկյանի ոչ հեռավոր անցյալի քննադատական ելույթները, ոչ իշխանական կուսակցությունների հետ բանակցություններն ու միավորման փորձերը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG