Մատչելիության հղումներ

Բիզնես միջավայրը Հայաստանում շարունակում է «խնդրահարույց» մնալ


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեա

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեա

Վերջին 10 տարում Եվրամիությունը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 900-ից ավելի փոքր ձեռնարկությունների մինչեւ 10 հազար դոլար դրամաշնորհներ եւ բիզնես խորհրդատվություն են տրամադրել՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել փոքր բիզնեսը:

«Գործարար միջավայրը Հայաստանում, սակայն, շարունակում է ոչ այնքան բարենպաստ մնալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը` շարունակելով. - «Մինչեւ այսօր մենք 620 մլն եվրո գումար ենք ներդրել Հայաստանում տարբեր ոլորտների զարգացման համար: Միայն 40 տոկոսը գնացել է բանկային սեկտորին, ունենք ներդրումներ նաեւ տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում, քաղաքային ենթակառուցվածքներում եւ մասնավոր հատվածում: Եվ կարեւորագույն խնդիրները, որոնց բախվել ենք Հայաստանում, հետեւյալներն են. առաջինը ֆինանսավորման պակասն է, երկրորդը բիզնես միջավայրի հարցն է, որ շարունակում է մնալ խնդրահարույց: Մեր շահառուներից շատերը բողոքում են ոչ ֆորմալ մրցակցությունից, մասնավորապես, երկրում առկա օլիգոպոլիաների գործունեությունից: 3-րդ կարեւոր խնդիրը օրենսդրական կարգավորիչ դաշտն է, որ անկանխատեսելի է եւ դժվարություններ է ստեղծում շատ տեղական եւ արտասահմանյան ներդրողների համար»:

5 տարի առաջ ծրագիրը, օրինակ, աջակցություն է տրամադրել «Լիկվոր» դեղարտադրող ընկերությանը՝ ապահովելով հայկական հաշվապահական ծրագրերով: Այս ընկերությունը շուրջ 10 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ստացել: Ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն ասում է, որ գոհ է, բայց վերջին օրենսդրական փոփոխությունները հարկային ոլորտում բարենպաստ չեն փոքր բիզնեսի զարգացման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այս առիթով հայտարարեց, որ երկրում փոքր բիզնեսի զարգացումը ԵՄ գերակայություններից մեկն է:

«Պետք է զարգացնել երկրում փոքր բիզնեսը, միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա լիարժեք կերպով օգտվել Եվրամիության ընձեռած հնարավորություններից», - ասաց դեսպանը` հիշեցնելով, որ Հայաստանը ԵՄ հետ պատրաստվում է արդեն այս տարեվերջին նախաստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:

«Փոքր բիզնեսի աճը շարունակելու եւ պահպանելու համար հարկավոր է, որպեսզի հայաստանյան իշխանություններն իրենց դերակատարությունն ունենան բիզնես միջավայրի բարելավման եւ օրենսդրության կարգավման հարցում: Սա կլինի Հայաստանի համար անկյունաքարային զարգացում, որովհետեւ թույլ կտա ավելի խորը ներգրավվել եւ աստիճանաբար ինտեգրվել եվրոպական շուկային», - նշեց Հրիսթեան:
XS
SM
MD
LG