Մատչելիության հղումներ

Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է ուղղել հայկական սփյուռքին` խնդրելով Եվրատեսիլ երգի մրցույթին քվեարկել «Դորիանս» խմբի օգտին:

Նամակում, մասնավորապես, նշված է. - «Ես դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականությամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու Հայաստան անունը միջազգային մրցույթում բարձր պահելու գործում»:

Հրանուշ Հակոբյանի կողմից ստորագրված նամակում նաեւ նշվում է. - «Յուրաքանչյուր հաղթանակով պայմանավորվում է ազգի հավաքականությունը, հավատն ու միասնականությունը: Վստահ եմ, որ Հայրենիքի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղոթքը փոխանցվում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ նման կոչով հանդես է գալիս արդեն արդեն 3-րդ տարին. - «Եթե ինչ-որ մեկը նոր է տեսել դա եւ զարմացել է, թող զարմացած էլ մնա: Կոչը դնում ենք կայքի վրա, ուղարկում ենք իրենց էլեկտրոնային փոստերին: 7 միլիոնի հետ խոսելու ուրիշ ձեւ չունենք, այդքան մարդու զանգահարել կամ նամակ գրել չեմ կարող»:

Ի պատասխան դիտարկմանը, թե շատերին զարմացրել է այն, որ պետական գերատեսչության ղեկավարն է կոչ է անում աջակցել երգի մրցույթի մասնակցին, նախարարն արձագանքեց. - «Որ հիմա հարցնեք, թե «Դորիանսը» ինչ է իրենից ներկայացնում, ես հիմա կարող է դժվարանամ պատասխանել: Ինձ համար կարեւորը հայ մարդու հաղթանակն է: Եվ եթե ես հայ եմ, Անտարկտիդայում էլ գտնվեմ, ես այնտեղից էլ մի քայլ կանեմ, որ հային օգտակար լինեմ, իսկ սա այն բանն է, որի շուրջ մենք կարող ենք համախմբվել: Ինչո՞ւ հայկական դրոշը եւս մեկ անգամ չծածանվի Եվրոպայում, ինչո՞ւ հայ ազգանունը եւս մեկ անգամ չհոլովվի Եվրոպայում»:

Հրանուշ Հակոբյանը նաեւ ասաց, որ սփյուռքը սովորաբար արձագանքում է իրենց կոչերին:
XS
SM
MD
LG